հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կաթողիկոսը շինարարին 110 միլիոն պակաս է վճարել. Էջմիածինը պնդում է՝ անբարեխիղճ աշխատանքի պատճառով

Կաթողիկոսը շինարարին 110 միլիոն պակաս է վճարել. Էջմիածինը պնդում է՝ անբարեխիղճ աշխատանքի պատճառով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 110 միլիոն դրամ պակաս է վճարել շինարարական ընկերությանը, որը բարեկարգել է Մայր Աթոռի Հայորդաց տունը, ինչպես նաև Սևանի վանական համալիրը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը դեռևս 2006 թվականի Մայր Աթոռի Հայորդաց տան, ինչպես նաև Սևանի վանական համալիրի բարեկարգման աշխատանքների համար մրցույթ է հայտարարել:

«2006 թվականին «Սասունասար» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Անդրանիկ Ստեփանյանի, մասնակցելով տվյալ մրցույթին, հաղթում է: Հոգևորականներից հանձնաժողով է կազմվում, պայմանագիր կնքվում, կազմվում նախահաշիվ: Նախահաշվով պարտավորվում են ընկերությանը վճարել 418 միլիոն 13 հազար 480 դրամ` Հայորդաց տան և 84 միլիոն 967 հազար 300 դրամ` Սևանի վանական համալիրի բարեկարգման համար: 2010 թվականին հանձնվել են աշխատանքները, սակայն գումարի մի մասը չի վճարվել: Ըստ Անդրանիկ Ստեփանյանի, Մայր Աթոռն իրեն պարտք է մնացել մոտ 110 միլիոն դրամ, որից «անորակ աշխատանքների» գումարը հանել են, մնացել է 70 միլիոնը: Հանձնաժողովը ներկայացրել է վճարման, սակայն Վեհափառը հրահանգել է, թե ոչ մի վճարում էլ չկա: Շինարարությունն իրականացվել է ամերիկահայ բարերար Հրաչ Թուֆայանի հովանավորությամբ, ով ևս հրաժարվել է ձեռք մեկնել շինարարին` նշելով, թե ինքը գումարը փոխանցել է Մայր Աթոռին», – գրում է «Հրապարակ»-ը:

Ստեփանյանը նշել է, որ կաթողիկոսը հրաժարվել է վճարել` պատճառաբանելով, թե շինարարությունն անորակ է:

«Ֆինանասական բաժինը վերջնահաշվարկ արեց ու հայտնեց, որ իրենք գումար վճարողը չեն: Երկուսը միասին պարտք են մնացել 110 միլիոն, որից սովորության համաձայն «բռակ» և այլ պատճառաբանություններով կրճատել-հանել են, մնացել է 70 միլիոնը: Բայց Սրբազանն ասեց՝ ես վճարող չեմ: Գնաց-շրջեց, տեսավ, որ ամեն ինչ նորմալ էր, բայց մանրակրկիտ նայելուց հետո, եկավ, ասեց՝ անորակ է: Մետրը ձեռը` կաթողիկոսն անձամբ ծունկը խփում էր գետնին, կռանում ու չափում պարկետը, ասում էր՝ ծուռ եք արել…»,- պատմել է Ստեփանյանը և վստահեցրել՝ ինքը պնդել է, որ պրոֆեսիոնալ հանձնաժողով կազմեն ու ստուգեն, իսկ կաթողիկոսը հակադարձել է, թե ինքն է որոշողը:

Տուժողը ցանկացել է դատարան դիմել, բայց ծանոթ փաստաբանները խորհուրդ չեն տվել, ասել են, որ դատարանին ապավինելը միամտություն է՝ «կաթողիկոսի դեմ խաղ չկա»: Նրանք ասել են, որ վճիռը Մայր Աթոռի օգտին է լինելու: Ստեփանյանի հավաստմամբ՝ ինքը վաճառել է ունեցվածքը, որ պարտքերից պրծնի: Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, պարտքեր դեռ կան, իսկ պարտատերերը խեղդում են:

«Հրապարակը» պարզաբանումների համար դիմել է Մայր Աթոռ, որտեղից թերթին հավաստիացրել են, թե իրենք ոչ մեկին մի լումա պարտք չեն: Մայր Աթոռի մամուլի խոսնակ տեր Վահրամն ասել է, որ պարբերաբար գումարներ վճարվել են տվյալ ընկերությանը, իսկ «բարձրացրած գումարները օրնեքի սահմաններում անփույտ աշխատանքի համար Մայր Աթոռին պատճառած վնասի դիմաց պահվել են»:

Թերթի դիտարկմանը, թե անփութությունը 100 միլիոն դրա՞մ է կազմել, տեր Վահրամը կրկնել է. «Իր անբարեխիղճ աշխատանքի համար է պահվել»: