Արտագաղթը մեծագույն խնդիրն է, որը կանգնած է Հայաստանի իշխանությունների առջև: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
«Ես առիթ եմ ունեցել վերջերս ասելու, որ որևէ մի պարագայում սեփական երկիրը չի կարող բանտ լինել քաղաքացու համար, այսինքն, արհեստականորեն փակել սահմանները, ստեղծել արհեստական խոչընդոտներ՝ ես կարծում եմ, դա միայն ու միայն ավելի աղետալի հետևանքներ կարող է ունենալ: Մենք մի ճանապարհ ունենք` Հայաստանում ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք եթե ոչ նման, գոնե մոտ լինեն այն պայմաններին, որոնց հետևից մեր քաղաքացիները գնում են:
Երբ մեկ-մեկ խոսում են այն մասին, որ Հայաստանում արդարության, ազատության պակաս կա և այլն, դրա համար են մեր քաղաքացիները գնում, ես կտրականապես դրա հետ համաձայն չեմ: Ինչո՞ւ։ Որովհետև երբ նայում ենք աշխարհագրությունը, թե որ երկրներ գնացին մեր քաղաքացիները, ապա հստակորեն տեսնում ենք, որ ավելի շատ արդարություն ունեցող երկրներ չեն գնում: Հիմնականում գնում են բարձր աշխատավարձի հետևից: Եվ այսօր Հայաստանում իրոք այդ խնդիրը կա», – ասել է ՀՀԿ ղեկավարը:
Նրա խոսքով ՝ այսօր ես կարող եմ հայտարարել, որ Հայաստանում աշխատանքի խնդիր չկա, Հայաստանում կա բարձր վարձատրվող աշխատանքի խնդիր:
«Որովհետև եթե նույնիսկ միայն հեռուստացույց նայեք, կտեսնեք, որ ամեն օր հայտարարություններ կան և աշխատող են փնտրում: Մենք վերականգնեցինք Վանաձորի քիմիական կոմբինատի աշխատանքները և մեծ դժվարությամբ գտանք մարդիկ, ովքեր պետք է պարզ աշխատանքներ իրականացնեին: Այսօր Երևանում կան ժամանակակից գործարաններ, որոնք աշխատողների կարիք ունեն:
Ճիշտ է՝ աշխատավարձը ցածր է: Այսօր այլևս Հայաստանում որևէ մի մարդ չի ուզում 150 հազար դրամից մի լումա պակաս աշխատավարձով աշխատել: Դա մի կողմից ուրախացնում է, որ մարդկանց պահանջը մեծանում է, մի կողմից ուրախացնում է, որ ամենածայրահեղ դեպքում, եթե մարդն այլ ելք չունի, կգնա և 130, 140 հազար դրամով կաշխատի: Բայց մյուս կողմից էլ իրոք անհանգստացնող է, որովհետև մարդ եթե լիարժեքորեն աշխատում է, պետք է գոնե երկու անգամ, քան այսօր վճարում են մեր քաղաքացիներին, աշխատավարձ վճարեն, որպեսզի նրանք ցանկանան աշխատել:
Չեմ ուզում տարբեր պատճառներ բերել, չեմ ուզում արդարանալ, միայն մի բան եմ ուզում ասել, որ մենք մշտապես շատ զգուշորեն պետք է վարվենք թվերի հետ: Եթե այն, ինչի մասին հիմա խոսում են, իրականություն է, վաղուց մենք Ձեզ հետ այստեղ նստած չպետք է լինեինք եւ հյուրանոցի առաջին հարկում էլ որեւէ մեկին չպետք է տեսնեինք, որովհետեւ հայտնի է, թե 1988 թվականին ինչքան բնակչություն կար Հայաստանում, հայտնի է, թե տարեկան ինչ թվերի մասին են խոսում, մենք կարող ենք դա հանգիստ բազմապատկել 20-ով, 21-ով, և կտեսնենք, որ այդպիսի երեւույթներ չկան:
Բայց նույնիսկ եթե Հայաստանից տարեկան 20 հազար մարդ է գնում, դա իրոք մեզ համար մեծ-մեծ կորուստ է: Եթե մենք գոնե 15-20 միլիոնանոց ժողովուրդ լինեինք, ես դա դրական կհամարեի, եթե տարեկան 20-30 հազարը գնային, ուրիշներին մեզ ավելի ճանաչելի դարձնեին, հավելյալ ներդրումների հնարավորություններ ստեղծեին Հայաստանի համար, ինտեգրվեին տարբեր հասարակություններում, եւ դա միայն ու միայն օգուտ կլիներ մեզ:
Ես համաձայն չեմ Ձեր դրույթի հետ, թե մենք կորցնում ենք այդ մարդկանց: Ոչ, չենք կորցնում: Մենք մշտապես համարում ենք, որ միգուցե իրոք ինչ-որ մի փոքր մասը ուծանում է, միգուցե մի փոքր մասը չի դիմանում այլ գայթակղությունների, բայց նրանք հիմնականում մնում են հայ, բայց, ցավոք սրտի, աշխատում են այլ երկրների, այլ տնտեսությունների հզորացման համար», – եզրափակել է Սերժ Սարգսյանը: