Ներկայացնում ենք Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը «Միմինո» հայտնի խորհրդային ֆիլմում առկա միֆերի վերլուծությունը: Իր ելույթը Հայրապետյանը հնչեցրել է 2012-ի թվականի մարտի 24-ին Հայաստանում վրացական ֆիլմերի փառատոնի ժամանակ:
«Ֆիլմի գեղարվեստական վերլուծությունն առավել հոգեհարազատ կլիներ, սակայն, թեման հաշվի առնելով՝ անդրադարձ կատարենք բացառապես մեկ-երկու էպիզոդի: Միայն թե՝ սկզբից եւեթ արձանագրենք, որ այդ ֆիլմը, որքան էլ բարձր ռեժիսորական, սցենարիստական ու դերասանական արժանիքներ ունենա, վերաբերում է հայերի եւ վրացիների գաղութացման շրջանին, դա սովետական կինոնկար է՝ սովետական խնդիրները սպասարկող:
«Միմինոյի» նկարահանման ժամանակ հարավկովկասյան հնաբնակները՝ հայերն ու վրացիները, քարտեզի վրա չունեին սեփական գույնը, այն ներկված էր կարմիրով: Ինքներս ուզում էինք հավատալ, թե սովետական սոցիալիստական հանրապետություն կոչվածներն իրոք մերն էին. դա արտահայտված է ֆիլմում՝ մի քանի էպիզոդով: Հիշենք երկուսը. նախ՝ հիշու՝մ եք ջրի մասին միֆը, երբ Ռուբիկջանն ասում է. «Պրաստոյ կռան ատկրիվայեշ, վադա տիչյոտ վտարոյե մեստը վ միրե զանիմայետ»: Այնքան լկտի չէ, որ ասի՝ առաջին տեղն է գրավում. բայց գոնե երկրորդը պետք է լինի, այդտեղ ինքնապաշտպանության հիմնական բնազդն է խոսում. այլապես, առանց այդ միֆի, ստիպված կլինի ճշմարտությանը բաց աչքերով նայել ու տեսնել, որ չկա ոչ մի Դիլիջան, դա կարմիրով ներկված Չարիքի կայսրություն է, իսկ ինքն էլ Չարիքի կայսրության վարորդ, որ աշխատավարձ ու «պուտյովկաներ» ստացող է ընդամենը: Առանց այդ միֆի՝ «սրբազան ու կենցաղային կեղծիքի», Ռուբիկջանը պարտավոր էր ոչ թե «առմյաշկայի» իր գոյությանը համակերպվել, այլ դառնալ դիսիդենտ, քաղբանտարկյալ, ԳՈՒԼԱԳԻ բնակիչ: Նույն ինքնապաշտպանական բնազդը դուրս է հորդում Միմինոյի ենթագիտակցությունից, երբ ասում է. «Ա Բորժոմի՝, սնաչալը պադումայ, պատոմ գավարի»: Այս փոքրիկ երկխոսությունը, որի վրա սովետական կինոդիտողը լիաթոք ծիծաղում էր, դրանով արդարացնելով ճշմարտությունն անտեսելու իր վախկոտ ցանկությունը, ոչ միայն գաղութացված ժողովուրդների այլանդակ միֆեր ստեղծելու դատապարտվածությունն է ցույց տալիս, այլեւ սովետական իմպերիալիզմի՝ «բաժանիր, որ տիրես»-ի դասական ներկայացում է. նրանք՝ երկրորդ սորտի հայն ու վրացին, բուն վեճը, չարիքի դեմ պայքարի բուն թիրախը տեղափոխում են միմյանց հետ հակադրման, երբեմն՝ թշնամացման հարթություն՝ «Դիլիջա՝նն» է լավը, թե՝ «Բորժոմին»: Եվ այսպիսի բազում բաներ՝ սկսած տոլմա պատրաստել կարողանալուց ու չկարողանալուց, մինչև ռեստորանի ձրիակեր նվագախմբի առջև մրցակցության մեջ վերջին կոպեկները մսխելը: Ու քանի որ չարիքի արմատին հասնելու խիզախությունը չունեն ո՝չ հայ Ռուբիկջանը, ո՝չ էլ վրացի Վալիկոն, դուրս են շպրտվում մետրոպոլիայի հյուրանոցից: Նրանց դարերով հայտնի խիզախության ու արժանապատվության համար կայսրության պայմաններում թողնվել էր միայն կենցաղը, երբ Միմինոն միայն քրոջ պատվի համար կարող էր կռիվ անել, երբ հանուն Միմինոյի Ռուբիկջանը կարող էր միայն ստել արդարադատությանը: Ոչինչ ավելի:
Այստեղ մեջբերենք երկրորդ էպիզոդը: Երբ նրանք արթնանում են բեռնատարի թափքում, Ռուբիկջանն ասում է. «Վ էտոյ գաստինիցե յա դիրեկտոր»: Այո՝, հային, վրացուն, էստոնացուն, լատիշին, ուկրաինացուն թողնված էր միայն բեռնատարի թափքը, ուր իրենց ՏԵՐ կարող էին զգալ: Անշուշտ, դա հերթական միֆն էր, որովհետև մարդ արարածը, հատկապես պետականության երկարատև փորձ ունեցող վրացին ու հայն առանց այդ՝ ՏԻՐՈՋ զգացման չեն կարող գոյատևել. ուստի դրա դեֆորմացված կերպը պետք էր հորինել. Խորհրդային Միությունը իրականության եւ արժեքների մետամորֆոզացված, այլասերված մի ամբողջություն էր ենթարկեցված ժողովուրդների գիտակցություններում: Այս հատույթում որեւէ բան փոխվե՝լ է 1990-ականներից, երբ վերականգնվեցին այս ժողովուրդների պետականությունները: Պետք է արձանագրել՝ և՝ այո, եւ՝ ոչ:
«Միմինոյում» առկա կովկասյան պատվախնդրության արտաքին կաղապարի տակ թաքնված անլիարժեքության բարդույթը հախուռն կերպով փորձ արվեց հաղթահարել 1990-ականներից: Վրացիներն առաջինը ներդրեցին սեփական դրամական միավորը, անմիջապես փոխեցին դրոշը, զինանշանը եւ ինքնուրույնության այլ արտահայտիչներ: Հայերը, որ, ինչպես ֆիլմի վարորդ-վաճառականի կերպարում է, հանդես եկան առավել դանդաղկոտությամբ, բայց եւս փորձեցին ինքնուրույնության նշաններ ցույց տալ: Վրաստանն անկախության առաջին օրվանից հարց դրեց 1801, ապա՝ 1921թ.-ից այդտեղ մտած ռուսական բանակի դուրս բերման մասին. Հայաստանն այստեղ առավել վախվորած գտնվեց եւ այդ բանակին տվեց ռազմաբազայի կարգավիճակ: Վրաստանն այսօր արագացված տեմպերով, երբեմն խելամտության հետ բախվող հակադրության մեջ է մտած Ռուսասատնի հետ. քանդում է ոչ միայն Կարմիր բանակի վերջին հետքերը (լա՝վ է անում), այլև համընդհանուր մարդկային ախոյանի՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հուշակոթողները, թեև փոքրիկ Վրաստանը հազարավոր զոհեր դրեց ֆաշիզմի դեմն առնելու զոհասեղանին (Վալիկոյի հոր ու նրա ազգանվանակից մեկ այլ Միզանդարիի մասին հիշատակում կա ֆիլմում): Հայաստանն այստեղ հապաղում է՝ ելնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից: Օբյեկտիվը, գիտեք, Թուրքիայի գործոնն է, իսկ սուբյեկտիվը՝ Հայաստանի 20 տարվա բոլոր իշխանությունների որակը: Ժամանակը ցույց կտա՝ ճի՞շտ է վարվում Վրաստանը. Արդյո՞ք ռուսական խիստ դիմակայությունը 200-ամյա վախերի ու ֆոբիաների արտահյտություն չէ: Ժամանակը ցույց կտա՝ ճի՞շտ է վարվում Հայաստանը. Արդյո՞ք դա հայկական մանր բուրժուայի գենետիկական մնացուկ չէ: Սրանք պետությունների մակարդակում. իսկ ՄԱՐԴԻԿ՝ հայն ու վարցին, փոխվե՝լ են «Միմինոյի» ժամանակներից ի վեր:
Ավելի քան 20 տարեկան են նրանք, ովքեր մուրճ-մանգաղով կարմիր դրոշ չեն տեսել, անկախությունը պատկերացնում են իբրեւ օբյեկտիվ ռեալություն: Մյուս կողմից թե՝ Վրաստանում, թե՝ մանավանդ Հայաստանում քարզչության հիմնական մեքենան՝ հեռուստատեսությունը շարունակում է ռուսական գեոմշակութային էքսպանսիան՝ նոր սերնդին ներարկելով հոմո-սովետիկուսի կամ հոմո-ռուսակի աշխարհընկալման դրվածքը: Սա ընդհանուր խնդիր է ամբողջ պոստսովետական տարածքում: Սակայն առանձնահատկություններ էլ կան: Առանձնահատկությունները հարավկովկասյան Վրաստանի և Հայաստանի համար պատկերանալի են մրցակցության դրսեւորման կերպերում: Հիմա Մոսկվան այլեւս չի նեղացնում մեր ինքնդրսեւորման հնարավորությունը մինչեւ կենցաղ (հիշենք ջրերի մասին վեճի էպիզոդը): Բայց արդյո՝ք դադարել է այդ անհիմն, անարդյունք մրցակցությունը: Վրացիներն այստեղ եւս մեկ քայլ առաջ են: Որպես օրինակ կարող ենք բերել գովազդային քարոզչությունը: Վրացական քարոզչությունն առանց հակադրման է արվում. տարեցտարի ավելանում է դեպի Վրաստանի ծովափեր մեկնող հայ զբոսաշրջիկների թիվը, մինչդեռ Հայաստանում այդ քարոզչությունն արվում է համեմատելով (իմա՝ հակադրվելով) վրացական, թուրքական, արաբական զբոսավայրերին: Դա շատ պարզ պատճառ ունի. հայերն ավելի են կախված Ռուսաստանից, ուստի՝ սովետական աշխարհընկալման այդ կերպը՝ հակադրվելունը, պահպանվում է: Բայց երկաթե վարագույրը ճեղքված է, եւ ազատության շունչը թափանցել է նաեւ Հարավային Կովկաս, ու այլեւս ժամանակի խնդիր է լիակատար ազատությունը. Բյուզանդական կայսրության վերացումն էլ մի քանի հարյուր տարի տևեց: Խնդիրն այն է, որ Հայաստանն ու Վրաստանը չմնան հերթական փլուզվող կայսրության փլատակների տակ…
… Եթե ամփոփելու լինենք ասվածը, ապա պիտի արձանագրենք, որ հարավկովկասյան ժողովուրդների, հատկապես հայերի և վրացիների արժանապատիվ հատվածին խորհրդային ժամանակներում միավորում էր մոսկովյան արժեքային էքսպանսիային դիմագրավելու ընդհանուր մարտահրավերը, իսկ սովորական զանգվածին բաժանում, միմյանց դեմ էին հանում կենտրոնից թելադրված միֆերը, կեղծ, կենցաղային, ցածրակարգ մրցակցությունն ու սնապարծությունը: Այսօր էլիտաներին միավորող հանգամանքը կարող է լինել ոչ թե հակազդեցությունը, հակադրումը, այլ արեւմտյան արժեհամակարգը՝ իր դեմոկրատիայով ու մարդակենտրոնությամբ: Իսկ ժողովուրդներին միավորողը կարող է լինել երջանիկ ապագա ունենալու տեսլականը, որ երկաթե վարագույրի քանդվելուց հետո երեւակվում է ոչ թե Վալիկոյին դատող ու Ռուբիկջանին հիմար վիճակի մեջ դնող ռուսական դատարաններում, այլ Ազատ աշխարհում»: