«Գարեգին Նժդեհ» ֆիլմին նվիրված ասուլիսին ռեժիսոր Արշակ Զաքարյանը խոսել է ոչ թե ֆիլմի մասին, այլ համացանցում լայն տարածում գտած հոլովակների:
«Արդարացի չի լինի իմ կողմից ֆիլմը փնովելը կամ գովելը, եթե ես ֆիլմը չեմ տեսել, և կարծում եմ, որ բոլորի կողմից էլ արդարացի չէ ֆիլմը քննադատելը», – ասել է ռեժիսորը:
Հիշեցնենք, որ ֆիլմում դերասանի «Յա Գարեգին Նժդեհ» արհատայության շուրջ հումորները արագ տարածվեցին համացանցում, ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր ստեղծեցին նկարներ, մեմեր, ի վերջո նաև այդ բոլորին միավորող խումբ բացվեց: Մեմերը վիրավորել էին ոչ միայն «Գարեգին Նժդեհ» նախաձենությանը, այլև բազում անհատների: Մեմեր ստեղծողները և դրանք տարածողները ստանում են քննադատություններ, նույնիսկ սպառնալիքներ:
«Չի կարելի մի նախադասության հիման վրա, թեկուզ եթե հանրությունը մտածում է, որ դա չստացված կադր է, ամբողջ ֆիլմը քննադատել»,- ասել է բանախոսը:
Ռեժիսորը նշել է, որ թեև ինքը Հրաչ Քեշիշյանի կամ Արտաշես Ալեքսանյանի երկրպագուն չէ, սակայն իրեն իրավունք չի վերապահում քննադատել ֆիլմը կամ գովել:
Զաքարյանի խոսքով՝ Հայաստանում սև PR-ի պես բան է տեղի ունենում: Հայտնի հոլովակում «Դավայ դոսվիդանյա»-ի հերոսը հայտարարում է, որ ինքը Գարեգին Նժդեհն է: Երևի թուրքերի գլխում այդքան խելք չէր լինի, որպեսզի կարողանային մեր ազգային հերոսին նման ձևով ձեռ առնել, կամ նույնն անել ինչ-որ կապիկի, մուլտհերոսի բերանով: Սա ուղղակի սարսափելի է», – նկատել է բանախոսը:
Խոսքն ավելի պատկերավոր դարձնելու համար ռեժիսորը ցուցադրել է հոլովակներն ու ընդգծել, որ ադրբեջանական գրեթե բոլոր կայքերը սկսել են տարածել դրանք:
«Ստեղծողները հիմնականում հայեր են, ու քանի որ տենդենցը կա, թուրքերն էլ կառիթավորվեն ու ինչքան այլանդակ հնարավորություն կա, կօգտագործեն՝ մեր ազգի հերոսին նսեմացնելու, ու դա կանեն՝ օգտագործելով «Յա Գարեգին Նժդեհ» արտահայտությունը», – ասել է Զաքարյանը:
«Մասնավորապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Արթուր Պետրոսյանը տարածել է մի նկար, որտեղ ապահովիչի վրա «Մայր Հայաստանի» արձանն է ու հայկական դրոշը: Սա ամենևին կապ չունի ՀՀԿ-ի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի հետ, քանի որ ոչ ՀՀԿ-ն է սարքել «Մայր Հայաստանի» արձանը, ոչ ԲՀԿ-ն ու ոչ մի այլ կուսակցություն», – ասել է ռեժիսորը:
«Սա կատարվում է օտար լեզվով, ու այստեղ գրված չէ հայերեն լեզվով ու մեր նշաններն են ու ոչ մի օտար մարդ չի հասկանա, որ այստեղ ապահով Հայաստանին են ձեռ առնում կամ ինչ-որ մեկին. այստեղ հասկանում են հայկական դրոշը, հայկական սուրբ արձաններից մեկը ու կարդում են հենց բառը», – ընդգծել է բանախոսը: