Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն իր բլոգում շնորհակալություն է հայտնել իր նախորդ գրառման բոլոր արձագանքների և մեկնաբանությունների համար` թե դրական և թե բացասական:
Լիչն իր նախորդ գրառման մեջ, այլ հարցերի հետ մեկնեղ, անդրադարձել էր նաև գալիք նախագահական ընտրություններին, մասնավորախես, նշել, որ ցավում է, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեն գալիս այս ընտրություններին և որևէ մեկին չեն աջակցում:
Գրառմանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր ՀՀԿ-ական պատգամավոր, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Վերջինս, թեև տրամաբանական էր համարել, որ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները ուշիուշով հետևում են ՀՀ նախագահական ընտրություններին, սակայն զարմանք էր հայտնել, որ այլ երկիր ներկայացնող դիվանագետը թեկուզ անձնական, բայց, այնուամենայնիվ, հրապարակային գնահատականներ է բարձրաձայնում մեկ այլ երկրում տեղի ունեցող ու դեռևս չավարտված գործընթացի մասին:
«Հարգարժան տիկին դեսպանի գնահատականների և հարցադրումների մեջ տարակուսանք առաջացնող ձևակերպումները շատ են…:
Ի՞նչ է նշանակում երեք ընդդիմադիր խմբակցություն ԱԺ-ից չեն մասնակցում ընտրություններին: Որքանով հայտնի է հայ հասարակությանը խորհրդարանում իրենց ընդդիմադիր հռչակած երեք ուժերից` ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՀԱԿ, ՀՅԴ, առաջինը մասնակցում է, երկրոդի շարքերից կա թեկնածու: Մաթեմատիկական այս հանելուկը կարելի է լուծել միայն այն դեպքում, եթե տիկին դեսպանը բարձրաձայնի, թե ում է ի նկատի ունեցել իր հաշվարկների մեջ», – մասնավորապես, գրել է Աշոտյանը:
Բլոգում իր նոր գրառման մեջ դեսպանը մեջբերել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Ազատաություն» ռադիոկայանի հետ զրույցում արված դիտարկումը՝ «Իհարկե, ընտրությունները մենք մեզ համար ենք անցկացնում, բայց մենք գործում ենք միջազգային հանրության տիրույթում, և շատ ցանկալի ու նույնիսկ անհրաժեշտ պահանջ է, որպեսզի այդ հանրության անդամները քեզ համարեն իրենցից մեկը»:
«Կարծում եմ` այստեղ ամեն ինչ շատ լավ ձևակերպված է: Մենք երկուստեք փորձում ենք ավելի լավ հասկանալ միմյանց տեսակետները, նպատակով, որ խորացնենք մեր ընդհանուր արժեքները և ընդհանուր ընկալումները: Այդ ոգուն համապատասխան` շարունակեք ազատորեն կիսել ձեր տեսակետները: Ինձ դուր եկավ Չերչիլի ցիտատը` լավատեսը հնարավորություն է որոնում (ենթադրաբար, նկատի ունի Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը՝ «Չերչիլի ականջը կանչի: Հոռետեսը դժվարություն է տեսնում ամեն հնարավորության մեջ: Իսկ լավատեսը ամեն դժվարության մեջ տեսնում է հնարավորություն»- Epress.am): Հենց այդ միտումն է ինձ մղում շարունակաբար որոնել ու քաջալերել ՄԹ-ի ու Հայաստանի միջև ավելի սերտ կապեր», – գրել է դեսպանը:
Նշենք, որ Քեթրին Լիչի գրառմանն արձագանքել էր նաև ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը:
«Դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչները և Մեծ Բրիտանիայի հարգարժան տիկին դեսպանը ճիշտ կլինի, եթե պահպանեն դիվանագիտական էթիկետը և դեռևս քարոզչության առաջին օրը չկանխորոշեն, թե ինչպիսի ընտրություններ են լինելու Հյաստանում», – Lragir.am-ի հետ զրույցում ասել էր Շարմազանովը: