Home / Հայաստան / Քաղաքական գործընթացները տնտեսության վրա չեն ազդում, վստահեցնում է նախարարը

Քաղաքական գործընթացները տնտեսության վրա չեն ազդում, վստահեցնում է նախարարը

Տնտեսության վարքագիծը ցանկացած քաղաքական գործընթացի ժամանակ էական փոփոխություն չի կրում՝ թե ընտրություններից առաջ, թե հետո, թե տարբեր սպասումների ժամանակ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ  էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Նախարարն անհիմն է համարել այն պնդումները, թե ընտրությունները  կարող են անդրադառնալ տնտեսության վրա:

Նրա խոսքով՝ տնտեսությունն իր կյանքով է ապրում, իսկ այն անընդհատ փորձում են քաղաքական գործընթացների հետ կապել, մինչդեռ Հայաստանի տնտեսությունը  «հանգիստ է վերաբերվում ցանկացած քաղաքական գործընթացի»:

«Տնտեսությունն ունի իր տրամաբանությունը, և շատ լավ է, որ Հայաստանում տնտեսությունը զարգանում է՝ և հարկային քաղաքականությունը, և փոքր ու միջին բիզնեսը, աճը, սղաճը, գնաճը: Եվ եթե որևէ տնտեսական իրողություն է տեղի ունենում,ես ձեզ բոլորիդ ուղղորդում եմ փնտրել պատճառները տնտեսական դաշտում»,- ասել է նախարարը:

Խոսելով ՀՀ նախագահի թեկնածուներիր նախընտրական ծրագրերի տնտեսական մասի մասին՝ Դավթյանն ասել է, որ սկզբունքային տարբերություն այդ առումով քաղաքական դաշտում չկա՝ չնչին բացառությամբ՝ Կոմունիստական կուսակցության և  մի քիչ էլ Դաշնակցության, քանի որ նրանք սոցիալիստական ուղվվածություն ունեն:

Նախարարի խոսքով՝ հիմնականում սկզբունքները նույնն են՝ շուկայական լիբերալ հարաբերություններ, և դա, ըստ նախարարի, լավ է, որովհետև ռիսկ չկա, որ երկիրը կգնա տնտեսական քաղաքականության այլ ուղղությամբ, իսկ դա նաև կայունություն կներշնչի գործընկերներին և ներդրողներին:

Լրագրողները նաև հարցրել են, թե թեկնածուներից ում հետ կցանկանար աշխատել՝ որպես նախագահի, ինչին նախարարը պատասխանել է, որ տարբեր ձևաչափերով իրենք բոլորի հետ էլ պատրաստ են աշխատել:

Խոսելով նախկին վարչապետ, ներկայումս նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի մասին՝ Տիգրան Դավթյանն ասել է, որ երկար տարիներ աշխատել է Բագրատյանի հետ նախկին էկոնոմիկայի նախարարությունում և նրան լավ է ճանաչում, բայց մի շարք հարցերում ունեն տարբեր մոտեցումներ, ոչ թե ռազմավարական, այլ մարտավարական:

Բագրատյանի՝ վերստին վարչապետ դառնալու հավանականությանն անդրադառնալով՝ Դավթյանն ասել է. «Կառավարությունում նա  աշխատել է, եղել է և  նախարար, և վարչապետ: Իսկ  հիմա ինքն իր առջև այլ խնդիր է դնում»: