Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երեկ պատրաստվում էին գործադուլ հայտարարել և, հավաքվելով ձեռնարկության մուտքի մոտ, շարասյունով շարժվել դեպի նախագահի նստավայր իրենց հերթական աշխատավարձը ստանալու պահանջով, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթն ընդգծում է, որ գործարանի տնօրինությունը և էերգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ամեն ինչ անում են, որպեսզի նաիրիտցիները նախընտրական քարոզչության այս «խառը» շրջանում հանկարծ փողոց դուրս չգան:
«Երեկ առավոտյան ձեռնարկության անցակետին մոտեցող աշխատողներին դիմավորում էին արտադրամասերի պետերը և աղաչում-պաղատում, որ հրաժարվեն միտինգ անելու գաղափարից ու իրենց աշխատատեղերը զբաղեցնեն: Նրանք նաև խոստանում էին, որ մինչև ամսի մեկը կստանան հերթական՝ 2012 թվականի մարտ ամսվա աշխատավարձը», – նշում է «Հրապարակը»:
Թերթի աղբյուրը հայտնում է, որ արտադրամասերի պետերին այս հրահանգը տվել է գործարանի տնօրեն Հովհաննես Հախինյանը, որն իր հերթին ալեկոծումները կանխելու հրահանգ է ստացել ՀՀ էներգետիկայի նախարարից:
«Հրապարակ»-ի աղբյուրը նշում է նաև, որ գործարանում շարունակում են աշխատողների ընտանիքների չափահաս անդամների վերաբերյալ տեղեկանքներ հավաքել, որոնց մեջ առանձին տողով պետք է նշվի նաև այն ընտրատեղամասի համարը, որտեղ նրանք կատարելու են իրենց ընտրությունը: