Այսօր Երևանում՝ Ամերիկյան համալսարանի շենքում, ստոմատոլոգների հավաքը վերածվել է վիճաբանության, որի արդյունքում ներկա մոտ 1000 մասնագետները երկու խմբի են բաժանվել. մի խումբը կողմ է արտահայտվել «քաղաքակիրթ», «իրավական հարթության մեջ» պայքարին՝ կոչ անելով ստիպել կառավարությանը փոխել «Արտոնագրային վճարների մասին» ընդունված օրենքը, իսկ մյուս մասը համոզված է, որ Հայաստանում քաղաքակիրթ պայքարն անիմաստ է, քանի որ իրավական առաջարկներ իշխանությունները չեն կարդում, նրանց նպատակն է ոչնչացնել փոքր բիզնեսը և մենաշնորհ հաստատել, ուստի կոշտ միջոցներ են հարկավոր, մասնավորապես, միասնական գործադուլ:
Երկրորդ խմբի համաձայն՝ գործադուլով կաթվածահար անելով ոլորտի աշխատանքը ողջ երկրում՝ հնարավոր կլինի ստիպել վերացնել որոշումը, ոչ թե դրանում ընդամենը լրացումներ անել:
Հիշեցնենք, որ նոր օրենքի համաձյան, ստոմատոլոգները յուրաքանչյուր բոռ-մեքենայի համար պետք է ամսական 80-ից 100 հազար դրամ մուծեն, ինչը, ատամնբույժների խոսքով, անհնար է դարձնում ոլորտում աշխատելը: Ստոմատոլոգներից շատերը պնդում են, որ դա արվում է ոլորտից փոքր կլինիկաները դուրս մղելու համար, քանի որ ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը կլինիկաներ է բացում՝ ցանկանալով մենաշնորհել ոլորտը:
Դահլիճում հնչած դիտակմանը, թե օրենքը նույնն է լինելու նաև մենաշնորհ ստեղծած ընկերության համար՝ ատամնաբույժերից մեկն ասել է.
«Գերմանացի իմ ընկերը «Ֆերի» (աման լվանալու հեղուկ – խմբ.) էր ներկրել, ի՞նչ իմանար, որ դա մենակ Լֆիկը (նկատի Սամվել Ալեքսանյանին) իրավունք ունի անելու, էս երկրի կարգից անտեղյակ էր: Ինչքան «Երևան սիթին» է հարկ տվել, նույնքան էլ նրա կլինիկան կտա»:
Քաղաքակիրթ պայքարի կողմնակից նախաձեռնող խմբի անունից օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացրել է Թորգոմ Դաշտոյանը: Առաջարկված հիմնական փոփոխությունն այն է, որ ոչ թե ատամնաբուժական աթոռների վրա հարկ սահմանվի, այլ հենց ատամնաբույժի: Նոր օրենքը փոխելու առաջարկի փաթեթը կազմելը խթան է հանդիսացել, որպեսզի նախաձեռնող խումբը հիշի նաև այլ առաջարկներ իրենց աշխատանքային պայմանները բարելավելու համար, օրինակ, պետպատվերի 700 միլիոն դրամի բաշխումը կազմակերպել վաուչերներով:
Ելույթների ավարտից հետո ատամնաբույժները սկսել են իրենց տեղերից գործադուլի կոչեր անել: Գործադուլ անելու առաջարկին կողմ արտահայտվող խումբը պնդում էր, որ ընտրություններից հետո իրենց ոչ մի խոսք չի լսվելու, ուստի պետք է արագ գործել:
«Ես ատամնաբույժ եմ, քաղաքական գործիչ չեմ»,- հակադարձել է Դաշտոյանը՝ հորդորելով չկապել օրենքը քաղաքականության հետ: Այս դիտարկումը տեղի է տվել կասկածների, որ նախաձեռնող խումբը ՀՀԿ-ի կողմից ստեղված կառույց է, նպատակ ունի հանդիպումներ կազմակերպել Սերժ Սարգսյանի և մի խումբ ատամնաբույժների հետ, նկարահանել դրանք և ցույց տալ, թե իբր նրանք գործող նախագահին են պաշտպանում: Նախաձեռնողները վիրավորվել են և հիշեցրել, որ զօրուգիշեր չեն քնել ու ընդհանուր օրենսդրական փաստաթուղթ են կազմել:
«Հարվածը պետք է ունենա հակահարված, թքել են մեր դեմքին, իսկ մենք ի՞նչ ենք անում, մաքրում ենք այդ թուքը: Ինչ իրավական ճանապարհի մասին է խոսքը, այս երկրում օրը ցերեկով մարդ են սպանում, ոչ մի պատիժ չեն կրում: Մենք պետք է միասնական լինենք, եթե ոչ, սա մեր վերջն է»,- հավաքվածներին ասել է ստոմատոլոգ Արմեն Վերդիյանը:
Ստոմատոլոգները թեժ վեճերը շարունակել են արդեն դահլիճից դուրս՝ Ամերիկյան համալսարանին հարող տարածքում:
Նրանց մեծ մասը եկել է համաձայնության գործադուլ սկսել: Արմավիրի մարզի գլխավոր մասնագետ Գրիգոր Ավագյանը հրավիրել է բոլոր ԶԼՄ-ներին փետրվարի 1-ին գալ հարկային տեսչություն և նկարահանել, թե ինչպես են բոլոր կլինիկաները փակում:
«Արմավիրի մարզում որ հաստատ բոլորը կողմ են գործադուլին: Ոչինչ, կպատկերացնենք, թե մի ամիս արձակուրդ ենք անում»,- ասել է Ավագյանը:
Ստոմատոլոգներից շատերը հեռանալիս խոսատացան, այնուամենայնիվ, դիմել գործադուլին որպես պայքարի միջոցի:
Նշենք, որ ԶԼՄ-ներին ուղղված հրավերի պահին հավաքատեղիում գրեթե լրագրողներ չէին մնացել: Մասնավորապես, միջոցառումը լուսաբանող մի քանի հեռուստաընկերություններ դահլիճում էին միայն նախագիծը ներկայացնելու ժամանակ, որից հետո հեռացել են և թեժ քննարկումներին ներկա չեն եղել:
Ի դեպ, հավաքին հրավիրվել էին նաև Կառավարության, ԱԺ-ի, Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, սակայն նրանցից ոչ մեկ ներկա չի եղել: Քննարկմանը հետևում էին միայն Հանրային խորհրդից երկու դիտորդներ: