Խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների մայրերը, ովքեր ամեն շաբաթ բողոքի ակցիաներ են անցկացնում ՀՀ կառավարության շենքի և նախագահի նստավայրի մոտ, որևէ հույս չեն կապում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ:
Նրանք չեն հավատում, որ Սերժ Սարգսյանը բանակում կարգ ու կանոն կհաստատի, և միահամուռ պնդում են, որ իրենց ձայնը ոչ մի դեպքում չեն տալու գործող նախագահին: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են 2007 թվականին զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, և 2010 թվականին զոհված Արտակ Նազարյանի, Վալերի Մուրադյանի և Արթուր Ղազարյանի մայրերը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, Նանա Մուրադյանը և Իրինա Ղազարյանը:
Զինվորների ծնողները հիշեցրել են, որ դեռևս 2011 թվականի հունվարի 28-ին Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրի ճաղերի հետևից զրուցել էր զոհերի ծնողների հետ և խոստացել զբաղվել իրենց որդիների գործերով, սակայն մինչ օրս ծնողները դրանցում որևէ առաջընթաց չեն տեսել, հակառակը՝ իրենք նկատում են ամեն կերպ ճշմարտությունը կոծկելու գործընթացը:
Հասմիկ Հովհաննիսյանը, խոսելով բանակում բարեփոխումների վերաբերյալ խոստումների մասին, ասել է, որ ինքը կհավատա այդ բարեփոխումներին այն ժամանակ, երբ տեսնի, որ իրենց որդիների գործում կատարվել է որևէ դրական քայլ:
«Ես Սերժ Սարգսյանին չեմ ընտրելու, կգնամ ամենավերջին թեկնածուին ձայն կտամ, բայց նրան՝ ոչ»,- ասել է Հասմիկ Հովհաննիսյանը:
Դեռևս 2012 թվականին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ մայրերը ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ներկայացել են իրենց պաստառներով և ցանկացել են կրկին հանդիպել երկրի ղեկավարի հետ: Նանա Մուրադյանն ՀՀ նախագահի օգնական Արմեն Աբելյանին հարցրել է` ոնց անեն, որ նախագահն իրենց ընդունի, ինչին Աբելյանը պատասխանել է` հիմա կմոտենա, սակայն դա այդպես էլ տեղի չէր ունեցել:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ներկայիս քարոզարշավին՝ Գոհար Սարգսյանն ասել է, որ ապշած էր՝ տեսնելով «Հայրենիքը կարող է հանգիստ քնել» տեսահոլովակը, որում ՀՀ նախագահի թեկնածուն շնորհակալություն է հայտնում այն ծնողներին, ովքեր բանակ զավակ են ուղարկել:
«Ո՞ւր ա իմ զավակը: Սպանել են ու պատասխան չեն տվել», – ասել է Գոհար Սարգսյանը:
Նանա Մուրադյանն էլ հարց է ուղղել, թե ինչու է իր որդին ծառայել Լեռնային Ղարաբաղում, եթե ԼՂՀ-ն անկախ պետություն է: