Ատամնաբույժերին նոր հարկ վճարել պարտադրող օրենքը միայն «կուլտուրական անեսթեզիա» է, որին հետևելու են ոլորտը վերջնականապես սպանող առողջապահության ապահովագրության օրենքի ընդունումը, վստահ են տասնյակ ստոմատոլոգներ, ովքեր այսօր բողոքի ակցիա են անցկացրել նախ ՀՀ նախագահի նստավայրի մոտ, ապա շարժվել են ԱԺ և ՀՀ կառավարություն:
Ստոմատոլոգները հերթական անգամ նշել են, որ օրենքն ընդունվել է, որպեսզի շուկայից դուրս մղի փոքր կլինիկաները, և ապահովագրական պայմանագրեր կնքվեն միայն «իրենց» (իշխանությունների հետ կապ ունեցող – խմբ.) կլինիկաների հետ:
Ըստ ստոմատոլոգների՝ քաղծառայողների սոցիալական փաթեթի մեջ կա առողջապահական ծառայությունների համար տրվող գումար պետբյուջեից, և նույնիսկ հիմա «հասարակ» կլինիկաների հետ ապահովագրական ընկերությունները պայմանագրեր չեն կնքում՝ «մի պատճառ գտնում են բերելու»:
«Սա ԱՊՊԱ-ից ավելի վատ է լինելու»,- ասել է ատամնաբույժ Արմեն Վերդիյանը՝ հավելելով, որ իրենց բողոքի ակցիան «հուսահատության ակցիա է»:
Ստոմատոլոգները փետրվարի 1-ից անժամկետ դադարեցնելու են իրենց գործունեությունը: Նրանցից մի քանիսը նշեցին, որ հարկային տեսչությունում իրենց պայմանագրերը խզել չեն կարող, քանի որ երկարաժամկետ վարձակալել են կիլինկաները, ու այդ գումարները պետք է տան անկախ նրանից աշխատում են, թե՝ ոչ: Անգամ նման պայմաններում իրենք էլ որոշել են դադարեցնել գործունեությունը: Ստոմատոլոգները պատրաստ են սկսել աշխատել միայն այն դեպքում, եթե նոր օրենքը չեղյալ համարվի:
«Ինչքան հարկ է տալիս մի փոքր խանութը, և ինչքան հարկ է տալիս «Երևան Սիթին» (պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին: Ավելի վաղ ստոմատոլոգները նշում էին, որ նոր օրենքը նպատակ ունի սնանակցնել իրենց, որպեսզի Ալեքսանյանի նոր կլինիկաները մենաշնորհային դիրք ունենա – խմբ.): Եթե նույնիսկ իրենց կլինիկաները տան հարկերը, մեկ է՝ մենք բոլորս արդեն փակված ենք լինելու: Բարձրանալու են գները, իսկ որակն իջնելու է: Հայաստանի որակյալ ստոմատոլոգիայի վերջն է լինելու: Ոչ ոք իրավիճակի լրջությունը չի հասկանում»,- ասել է ստոմատոլոգ Մանուկ Գևորգյանը:
Ակցիայի մասնակցիները նշել են, որ արդեն 150 ատամնաբույժ դիմել է Ռուսաստանի դեսպանատուն՝ այդ երկրում աշխատելու համար, իսկ 40 հոգի մեկնել է Թուրքիա, որտեղ ավելի լավ պայմաններ են առաջարկում:
«Ռուսաստանում 2000 դոլար էս գլխից են տալիս, առողջական ապահովություն են տալիս և միչև 2000 դոլար աշխատավարձով գործ են տալիս»,- ասել է ստոմատոլոգներից մեկը:
Ակցիայի մասնակիցները նախագահական նստավայր, ԱԺ, ՀՀ կառավարություն և Առողջապահության նախարարություն են հանձնել օրենքը վերացնելու պահանջով իրենց դիմումը:
Դիմումում ասված է, որ «սխալից հետ կանգնել երբեք ուշ չէ»: Նախագահականում ատամնաբույժերը խնդրել են, որպեսզի իրենց դիմումի պատասխանը տրվի մինչև հունվարի 31-ը, քանի որ նոր հարկը պետք է վճարվի մինչև ամսվա վերջ: Սակայն նախագահականից իրենց խոստացել են պատասխան տալ ոչ շուտ, քան փետրվարի 2-ը:
ԱԺ-ում խնդրել են գալ փետրվարի 4-ին, այդ օրը սկսվում է հերթական նստաշրջանը:
«Մեզ խաբել են, ժողովուրդ: Հունվարի 26-ին՝ Ամերիկյան համալսարանում նախաձեռնողներն ասել էին, որ մարտին է սկսվում նստատշրջանը», – ասել է Արմեն Վերդիյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ստոմատոլոգները օրենքին քննարկելու նպատակով հավաք էին կազմակերպել, և հավաքը նախաձեռնած մարդիկ օրենքի փոփոխությունների փաթեթ էին ներկայացրել, մինչդեռ ստոմատոլոգների մեծ մասը որոշել էր պահանջել չեղյալ համարել այն:
Ակցիայի մասնակցիներն իրենց դժգոհությունն են հայտնել նախաձեռնող խմբից, որի ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել այսօրվա ակցիային:
«Ամսի 26-ին ասել էին, որ նախարարությունից, կառավարությունից մարդ է գալու, օրենքը քննարկելու: Ոչ ոք չէր եկել: Մեր գլխի տակ փափուկ բարձր դնելու փորձ էր»,- ասել է մի ստոմատոլոգ, ով չի ցանկացել ներկայանալ: