Դալմայի հողօտագործողները խնդրում են, որպեսզի իրենց հարցի նկատմամբ կայացվի պետական, համակարգված, միասնական, վերջնական և արժանապատիվ որոշում, ինչպես քաղաքի այլ տարածքների դեպքում, այլ ոչ թե մեր փոխհատուցման հարցը թողնվի գնորդի «բարի կամքին»: Այս մասին ասված է Դալմայի այգիների հողօգտագործողների՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ուղղված նամակում, որը հողօգտագործողները տրամադրել են Epress.am-ին:
«Մենք ցանկանում ենք, ՀՀ օրենսդրության համաձայն, ճանաչել սեփականության մեր իրավունքը մեր հողամասերի նկատմամբ կամ տրամադրել արժանի փոխհատուցում՝ Երևանում հողամասի կամ դրան համարժեք գումարի տեսքով:
Այն, որ ժամանակին գործադիր իշխանությունն անօրինական գործողություններ է իրականացրել մեր նկատմամբ` ապօրինի խլելով մեր տնօրինած գույքը, այժմ ընդունում են բոլորը: Անգամ միջազգային կազմակերպությունները /մասնավորապես, ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական հարցերով հանձնաժողովը/ հաստատել են, որ ՀՀ կառավարությունն իր որոշումները՝ Դալմայի այգիների վերաբերյալ կայացրել է ՀՀ Սահմանադրությամբ խախտմամբ: Այդուհանդերձ, մինչ օրս մենք չենք ստացել փոխհատուցում խլած գույքի դիմաց, այնպես, ինչպես ժամանակին չէին գրանցում մեր սեփականության իրավունքը, կայացվում էին օրենքի հետ որևէ առնչություն չունեցող դատական վճիռներ կամ էլ կազմակերպվում էին գաղտնի «աճուրդներ»՝ մեզ չտալով գույքի ձեռք բերման առաջնային իրավունք: Այժմ կարծես թե ցանկություն կա որոշ մարդկանց փոխհատուցում տրամադրել, սակայն այդ գործը թողնած է գնորդի «բարի» կամքին, թեև աճուրդները ոչ թե գնորդը, այլ պետական պաշտոնյաներն են իրականացրել:
Պարոն նախագահ, ամեն շաբաթ մենք գալիս ենք Ձեր նստավայրի մոտ` մեծ հույսերով, սակայն ոչ մի առաջընթաց: Այդ է պատճառը, որ այսօր մենք ստիպված էինք գալ այստեղ` Ձեր նախընտրական հանդիպմանը` անձամբ ասելու, որ մեր խնդիրը լուծված չէ, թեև գուցե Ձեզ հակառակն է ներկայացվում», – նշում են Դալմայի այգիների հողօգտագործողները:
Նրանք նաև մի հատված են մեջբերել Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից.
«Մեզ միավորում է այն գաղափարը, որ Հայաստանը կարող է լինել շատ ավելի լավը, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ և շատ ավելի բարեկեցիկ: Վստահեցնում եմ՝ 2018 թվականին մենք ապրելու ենք շատ ավելի լավ Հայաստանում: Հաստատուն քայլերով ենք գնալու այդ ճանապարհով, դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհով»:
«Լինելով Հայաստանի քաղաքացի՝ մենք ևս ցանկանում ենք մեզ վրա զգալ այդ արդարությունը և քայլել դեպի ապահով Հայաստան», – եզրափակում են նամակի հեղինակները: