Այսօր Հայաստանում դեպքերը զարգանում են այնպես, որ օր օրի հաղթահարվում են մարդկանց մեջ եղած վախն ու կաշկանդվածությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ արտառոց երևույթ է բացահայտվել՝ կաշկանդվածությունից մարդկանց մի հսկայական զանգված ազատվել է ընդամենը մեկ շաբաթում:
Հայրիկյանն անդրադարձել է ընդդիմադիր երեք թեկնածուների՝ իր, Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի երեկ տարածած հայտարարությանը և այդ թեկնածուների համագործակցության հեռանկարին:
«Հիշո՞ւմ եք, որ ասվում էր՝ «ընտրությունները մրցակցային չեն ու կավարտվեն մեկ փուլով», մենք էլ ասում էինք՝ «չէ, էդպես չէ, եթե ժողովրդավարական լինեն ընտրությունները, ապա երկրորդ փուլն անխուսափելի է»: Ասեմ, որ երկրորդ փուլի մասը մնում է ուժի մեջ, եթե այս երեք թեկնածուներից գոնե երկուսը չմիավորվեն: Իսկ եթե երկուսը միավորվում են՝ չեմ ասի՝ որ երկուսը, որովհետև երրորդի համար մի քիչ շահեկան չէ, ապա իսկապես մեկ փուլով կավարտվի: Իսկ եթե երեքը հայտարարության գան, այո, իսկապես մեկ փուլով ընտրությունները կավարտվեն, և նույնիսկ նախագահական աթոռը չի օգնի մեր հարգելի չորրորդ գործընկերոջը»,-հայտարարել է Հայրիկյանը՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին: