Հունվարի 29-ին Հայաստանի ողջ տարածքում ձյուն է տեղում, սակայն վաղը տեղումները կդադարեն: Առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև փետրվարի մեկը, ջերմաստիճանը կնվազի: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Հանրապետության ճանապարհներն այս պահին փակ չեն, սակայն տեղացող ձյունը կարող է անհարմարություն առաջացնել վարոդների համար, իսկ ջերմաստիճանի սպասվող անկումը կարող է մերկասառույցի պատճառ դառնալ:
Հունվար ամիսը Զարուհի Պետրոսյանը գնահատել է որպես «խայտաբղետ»՝ առատ ձյուն եկավ, ցրտեց, ապա ջերմասատիճանը բարձրացավ մինչև +17:
Մասնագետի խոսքով՝ փետրվարին տաք եղանակ է սպասվում:
«Այս պահին ցրտահարությունների հավանականության մասին խոսել չեմ կարող, եղանակն ինչ անակնկալ ասես, որ չի մատուցի, հատկապես, որ մեզ մոտ մարտն էլ է համարվում ձմռան ամիս, և այս ամսին էլ են հիմնականում գրանցվում ցրտահարություններ», – եզրափակել է օդերևութաբանը: