Այսօր Խոր Վիրապում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայփոստի» մի բաժանմունքի շենքի վրայից պոկեց ու հանեց իր քարոզչական ցուցապաստառը, գրում է Aravot.am-ը: Նույն տեղում փակցրած էին նաև ՀՀ նախագահի պաստառները:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կամավորների հետ կռիվ տվեց, թե ինչու են վարվել Սերժ Սարգսյանի կողմնակիցների նման, չէ՞ որ օրենքով արգելվում է: Կամավորը բացատրեց, որ ավագանու որոշմամբ այդ տեղն է հատկացվել, որ ինքը գյուղապետարանից թույլտվություն է հարցրել, նոր միայն փակցրել է: Րաֆֆի Հովհաննիսյանին սա արժանահավատ չթվաց: Նրա խոսքերով՝ պետք է ճշտել, եթե պարզվի, որ դա ապօրինի չէ, իր պաստառը թող վերականգնեն այդ տեղում, իսկ մինչ այդ նա պաստառը 4 տակ ծալեց ու դրեց գրպանը:
Մինչ նա իր կամավորի հետ «կռիվ» էր տալիս ու բացատրում, մոտեցավ գյուղապետը: Նա հաստատեց, որ տեղն ապօրինի չէ, և որ իսկապես իրենից թույլտվություն են վերցրել՝ այդ շենքի վրա քարոզչապաստառ տեղադրելու համար:
Լուսանկարը՝ Aravot.am-ի