ՀՀ նախագահի երեք թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի, Րաֆֆի Հովհաննիասյանի նախընտրական հանդիպումներից պարզ երևում է, որ շատ տեղերում լրագրողներն ավելի շատ են, քան հանդիպումներին մասնակցող քաղաքացիները, թեև երեք թեկնածուներն էլ «ինքնամոռաց քարոզարշավ են անում»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:
«Ես 20 տոկոսանոց թեկնածուի հանդիպումներ չեմ տեսնում, ուրիշ բան, եթե իրենք ուզում են, որ այդ թվերը գրվեն: Հիշեք Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումները 2008-ին կամ նույնիսկ 2007-ի վերջին, հստակ երևում էր, որ գնում է հաղթող թեկնածուն, համենայն դեպս՝ գնում էր մրցակցող թեկնածուն», – նշել է Հարությունյանը:
Նա անիմաստ է համարել անգամ խոսել թեկնածուների ծրագրերի մասին:
«Ժողովրդավարությունը գռեհկացնել չի կարելի. մեկնաբանելով Հայրիկյանի բանաձևը՝ կասեմ, որ ամենաժողովրդավարական ընտրությունները եղել են, երբ Քրիստոսին խաչեցին: Այսինքն՝ էն տարբերակը, որն առաջարկվում է, դրա ակունքներում ես կանգնած կամ, բայց ուրիշ բանաձև է, իրենք երևի կորցրել են օրիգինալը: Ժողովրդավարության իմաստը ի վերջո ոչ թե թվաբանությունը, այլև ավելի շատ փոքրամասնության շահերը պաշտպանելն է», – ասել է նախագահի թեկնածուն:
Նա նշել է, որ այսօր Հայաստանին քաղաքական կամք է հարկավոր:
«Մարդ ա պետք, որ ձեռքը խփի սեղանին ու ասի՝ վերջ, փակված է էս թեման, էսօրվանից ոչ մեկը կաշառք չի վերցնում, էսօրվանից ատկատ չենք անում, էսօրվանից փող չենք լվանում»,- նշել է Հարությունյանը:
Նա նաև խորհուրդ է տվել վերոնշյալ երեք թեկնածուներին միտինգ կազմակերպել ու «լցնել» Ազատության հրապարակը:
«Էսօր բարևելով գնալով կամ ձև անելով ոչ մեկի չես զարմացնի. ժողովուրդը հիասթափված ա: Էսօր բոլորը հասկանում են, որ այս ընտրությունները օրինական լինել չեն կարող,ժողովուրդը ահավոր վիճակի մեջ է, եթե էսօր գյուղերը դատարկվում են՝ ովքե՞ր են գնալու քվեարկության: Մարդկանց բերելու են ավտոբուսներով, մարշրուտնիներով, մեքենաներով քվերկելու, ու այն, որոշ թեկնածուներ, դեկորատիվ դեր կատարելով, նպաստում են դրան, նշանակում է, որ իրենք պատասխանատու են դրա համար», – ասել է բանախոսը:
Թեկնածուն համոզմունք է հայտնել, որ այս քարոզրշավում շատ կարևոր առաքելություն է կատարում:
«Պատկերացնում եք՝ էս ընտրարշավում ես չլինեի. մեկը երգելու էր, մեկը քամի էր անելու, մեկը ձնագնդի էր անելու: Կամ ու՞ր են նախկին թեկնածուները, ասենք՝ Գեղամյանի էլեկտորատն ու «Արարման ծրագիրը», ո՞ւր են էդ արարողները, բոլորն էլ վերջացան՝ Սերժ Սարգսյանին կցվելով: Այս ընտրությունները մեզ տանելու են խորը դեպրեսիայի, ու դրա համար պատասխանատու կլինեն բոլորը»,- եզրափակել է Հարությունյանը: