Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհդրի նախագահ Լևոն Բարսեղյանն ընդդեմ ոտիկանության գործով դատաքննության հերթական նիստի ժամանակ Վարչական դատարանում հարցաքննվել են 4 ոստիկաններ, ովքեր, հայցի համաձայն, Բարսեղյանին ապoրինաբար բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:
Դեպքը տեղի է ունեցել բողոքի ակցիայի ժամանակ, որը կազմակերպել էին Բարսեղյանն ու քանդակագործ Առնո Կուռը: Ակցիան ուղղված էր ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ ռուսաստանյան դրոշի ներքո Գյումրիում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ստորաբաժանման մասնակցության դեմ:
Բարսեղյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ վկաները հակասական ցուցմունքներ են տվել, ու դատավոր Ռուզան Հակոբյանը ստիպված է եղել ուսումնասիրել մամուլում՝ Epress.am-ի և «Ազատության» ռադիոկայանի հրապարակված երկու տեսագրությունները դեպքի վայրից ճշտելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
Ոստիկաններին դատարանում հարցրել են, թե ինչու են նրանք խլել ցուցարարների պաստառները: Ի պատասխան ոստիկաններն ասել են, որ դրանց վրա «վատ բաներ» են գրված եղել, բայց թե կոնկրետ ինչ՝ չեն հիշել:
Տեսագրությունը միացնելով դատական նիստի մասնակիցները տեսել են, որ պաստառներին գրված է եղել «Անկախ Հայաստան», «Հայաստանը Ռուսաստան չէ», «Ոչ օտար դրոշներին»:
Բարսեղյանի կարծիքով՝ ամենածիծաղելին այն ցուցմունքն է եղել, թե ոստիկանները չեն տարել ակցիայի կազմակերպիչներին ոստիկանություն, որից, սակայն, ոստիկանը ստիպված է եղել հրաժարվել: Հետո նույն ոստիկանն ասել է, թե Ոստիկանության Երևանի Կենտրոն բաժնի պետի տեղակալ Արայիկ Պողոսյանը հրաման է տվել ակցիայի մասնակիցներին բերման ենթարկել, սակայն հետո Պողոսյանը զանգել և ասել է, որ այլևս պետք չէ դա անել:
Հիշեցնենք, որ դեպքից հետո Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, թե իբր երկու մասնակիցներին «հրավիրվել են ոստիկանության Կենտրոնի բաժին` նրանց անձը պարզելու նպատակով»:
Մինչդեռ Բարսեղյանը պնդում է, որ իրենք Ոստիկանություն են տարվել իրենց կամքին հակառակ, և ոստիկանները, երեք ժամ իրենց պահելով, ոչինչ չեն ճշտել և նման ձևակերպում են հրապարակել, որովհետև հիմքեր չեն ունեցել դա անել և այդպիսով խափանել երթը:
Ոստիկանների հարցաքննությունն անընդհատ ընդհատվել է կոմղերի պարզաբանող հարցերով, ու քանի որ աշխատանքային օրն ավարտվել է, նիստը ընդհատվել է և կշարունակվի փետրվարի 13-ին՝ 16.30-ին: