Home / Տեսանյութեր / Հայաստանում գոհ են բջջային կապից և ինտերնետից, վարչապետը` մամուլի անկախության ցուցիչից

Հայաստանում գոհ են բջջային կապից և ինտերնետից, վարչապետը` մամուլի անկախության ցուցիչից

Հայաստանում քաղաքացիներն առաջընթաց են արձանագրում բջջային կապի և ինտերնետի ոլորտներում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նշել է, որ այդ եզրակացությունն առկա է այսօր կառավարության կայքէջում տեղադրված գործադիրի գործունեության գնահատականների վերաբերյալ հաշվետվությունում, որը տրվում է հարցումների հիման վրա։

Նա ընդգծել է, որ բջջային կապի և ինտերնետի ոլորտում ակնհայտորեն դրական տեղաշարժերը գրանցել են հարցված քաղաքացիների 95.3 տոկոսը:

«Երկրորդ ոլորտը, որտեղ նույնպես ունենք շոշափելի արդյունքներ, երրորդ անձանց ռիսկի ապահովագրության ոլորտն է, որի վերաբերյալ բավական բուռն քննարկումներ էին տեղի ունենում մեր հասարակության մեջ և հիշում եք, որ կար նաև լուրջ քննադատություն, բայց, այնուամենայնիվ, մեր քաղաքացիների 82.4 տոկոսը արդյունքները գնահատում են դրական։ Երրորդ ոլորտը` 65.1 տոկոս, կադաստրի աշխատանքն է. մեր քաղաքացիները գնահատում են, որ կան լուրջ ձեռքբերումներ», – ասել է վարչապետը։

Վարչապետը նաև իր գոհունակությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ երեկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Աշխարհում մամուլի ազատության ցուցիչը» զեկույցում Հայաստանը երեք կետով առաջ է շարժվել՝ տեղափոխվելով 74-րդ տեղը:

«Տարածաշրջանում այդ ցուցանիշով լավագույնն ենք։ Իհարկե, դեռևս մեծ ճանապարհ ունենք անցնելու լրատվական միջոցների անկախությունը մեծացնելու տեսակետից, բայց որ առաջընթաց կա, դա արդեն կարևոր է մեզ համար», – ասել է վարչապետը: