Երեկ ՀՀ պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակված Հայաստանի աոաջին հազար հարկատուների և նրանց վճարած հարկերի ցանկն ապացուցում է, որ Հայաստանում հարկերի բեռը մեծ բիզնեսի ուսերին չէ:
Այսպիսի եզրահանգման է եկել «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ վերլուծելով ցուցակը: Թերթի վերլուծաբան Հայկ Գևորգյանը նշում է, որ 2011 թվականի համեմատ խոշորագույն հարկատուների առաջին տասնյակը 2012 թվականին իր վճարած հարկերն ավելացրել է ընդամենը 9.1 տոկոսով, իսկ այդ ցանկի վերջին 10-ը վճարել են 14 տոկոսով ավելի շատ հարկ, քան 2011-ին:
«Այլ կերպ ասած, որքան «փոքր է» հարկատուն, այնքան ավելի շատ հարկային բեռ է վերցրել», – նշում է Գևորգյանը:
Նա նաև ընդգծում է, որ որոշ օլիգարխների պատկանող ընկերություններ նվազեցրել են իրենց հարկերը: Մասնավորապես, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող «Մեգամոթորս» ընկերությունը 2011-ին վճարել էր 358 միլիոն դրամի հարկ, իսկ 2012-ին 205 միլիոն դրամ: ՊԵԿ նախագահի անվան հետ է կապվում նաև «Ապեյրոն» ընկերությունը, որը 2011-ին վճարել էր 745 միլիոն, իսկ 2012-ին՝ 456 միլիոն դրամ:
ԲՀԿ առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից «Մուլտի գրուպ»-ը 2011-ին վճարել էր 375 միլիոն դրամ, 2012-ին՝ 304 միլիոն:
«Բայց այս նվազումը ոչինչ է, եթե այն համեմատենք Ծառուկյանի մեկ այլ ձեռնարկության՝ Արարատի ցեմենտի գործարանի ցուցանիշների հետ: Հայաստանում 2011 և 2012 թվականներին ցեմենտի արտադրության ծավալների փոփոխություն գրեթե չի արձանագրվել: Բայց «Արարատ ցեմենտ»-ի վճարած հարկերը 1 միլիարդ դրամից նվազել է 667 միլիոն դրամի», – նշում է հոդվածագիրը:
2011 թվականին Հայաստանի ցեմենտի երկրորդ գործարանը՝ «Միկա ցեմենտը», որը պատկանում է հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին, վճարել է 233 միլիոն դրամ հարկ, իսկ 2012-ին՝ ընդամենը 153 միլիոն:
Ցեմենտի արդտադրությունից վճարած հարկերը, փաստորեն, նվազել են 35 տոկոսով:
«Բայց այն, ինչ արձանագրվել է ցեմենտի արտադրության հարկերի ծավալներում, մանկական խաղ է շաքարի արտադրության մեջ արձանագրված ցուցանիշների ֆոնին: Այսպես, Հայաստանում շաքար արտադրող միակ ընկերությունը՝ «Լուսաստղ Շուգր»-ը», որը, ինչպես պնդում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չի պատկանում իրեն (Ալեքսանյանը մշտապես ընդգծում է, որ իր անվան հետ կապվող բոլոր բիզնեսների տերն իր կինն է – խմբ.), 2011 թվականին արտադրել է 54 տոննա շաքարավազ և վճարել է 2.7 միլիարդ դրամի հարկ: Իսկ ահա 2012-ին այդ նույն գործարանը արտադրել է 50 հազար տոննա շաքարավազ, բայց պետական բյուջե է վճարել ընդամենը 127 միլիոն դրամ: Այսինքն, շաքարավազի արտադրությունը նվազել է մի 10 տոկոսով, բայց վճարած հարկերը նվազել են 21 անգամ: Բացի դա, նույն ՊԵԿ-ի հրապարակած պաշտոնական տվյալներով, «Լուսաստղ Շուգր»-ում նույնիսկ 100 մարդ չի աշխատում, այն դեպքում, երբ երեք տարի առաջ Սերժ Սարգսյանն այցելելով գործարան՝ պնդում էր, թե այդտեղ 700 մարդ է աշխատում և աշխատողների թիվը տարեց-տարի ավելանալու է: Թե ինչ է կատարվել շաքարավազի արտադրության ոլորտում, միայն կարելի է կռահել», – գրում է Հայկ Գևորգյանը:
Նշենք, որ խոշոր հարկատուների ցուցակում առաջին տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (31.6 միլիարդ դրամ), 2-րդը՝ «Հայռուսգազարդ»-ն է (31 միլիարդ), 3-րդը՝ «Ղ Տելեկոմ»-ը (21.6 միլիարդ), 4-րդը՝ «Ալեքս Գրիգ»-ը (17.4 միլիարդ), 5-րդը՝ «Արմենտել»-ը (11.4 միլիարդ):