Home / Հայաստան / Ընտրություններ, բանակ, ՀԱԿ ակտիվիստներ. Human Rights Watch-ը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին

Ընտրություններ, բանակ, ՀԱԿ ակտիվիստներ. Human Rights Watch-ը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին

Հայաստանի իշխող կոալիցիան 2012թ. մայիսյան ընտրություններում պահպանեց խորհրդարանական մեծամասնությունը՝ վարչական ռեսուրսների չարաշահման, ընտրողների, դիտորդների և լրագրողների ահաբեկման մասին հնչող մեղադրանքների պարագայում: Այս մասին ասված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության երեկ հրապարակված մարդու իրավունքների ոլորտին վերաբերող 2013 թվականի համաշխարհային զեկույցում:

Հատուկ անդրադարձ կատարելով խորհրդարանական ընտրություններին՝ զեկույցի հեղինակները նշում են, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտարկման հաշվետվությունը մայիսի 6-ի ընտրությունը գնահատեց որպես մրցակցային և մեծ մասամբ խաղաղ՝ այդուհանդերձ նշելով, որ այն ստվերվել է «անհավասար խաղի կանոններով» պայմանավորված վարչական ռեսուրնսերի չարաշահմամբ, կուսակցական ներկայացուցիչների և տեղական իշխանությունների կողմից ընտրողների նկատմամբ ճնշումների կիրառմամբ, քվեարկության ընթացքին միջամտելով և լրագրողների աշխատանքը խոչընդոտելով:

«Մի շարք բռնության դեպքեր են արձանագրվել Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ, այդ թվում՝ ապրիլի 15-ին վիրավորանքներ են հասցվել Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) թեկնածու Բաբկեն Գարոյանին և երեք այլ ՀԱԿ անդամների, ինչպես նաև ՀԱԿ թեկնածու Կարեն Թովմասյանին՝ ապրիլի 17-ին: Երկու դեպքում էլ ՀԱԿ անդամները բաժանում էին քարոզչական տեղեկատվություն: Ոստիկանությունը գործ է հարուցել յուրաքանչյուր դեպքի համար:

Հելսինկայն Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը բողոք էր ներկայացրել առ այն, որ Երևանի բնակիչ Տիգրան Մանուկյանը հարվածել է իրեն և խոչընդոտել իր` որպես դիտորդի աշխատանքը, երբ Վեզիրյանը դիտարկում էր ընդդիմության ակտիվիստների կողմից ընտրական բուկլետների բաժանման ընթացքը ապրիլի 30-ին: Քննություն անցկացնելու փոխարեն, դատախազները ստիպեցին Վեզիրյանին հետ վերցնել բողոքը և հունիսին մեղադրանք ներկայացրեցին վերջինիս Մանուկյանին ծեծելու համար, չնայած նրան, որ Մանուկյանը երբևէ հանդես չէր եկել որպես տուժող: Մինչ այս պահը Վեզիրյանը սպասում է դատավճռի», – նշում են զեկույցի հեղինակները:

Հղում կատարելով տեղական իրավապաշտպաններին՝ Human Rights Watch-ի ներկայացուցիչները գրում են, որ ոստիկանությունում ձերբակալված անձանց նկատմամբ շարունակվում են խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի դեպքերը:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ կառավարությունն արդյունավետորեն քննության չի առել ՀԱԿ յոթ ակտիվիստների բողոքն առ այն, որ վերջիններս ծեծի են ենթարկվել ոստիկանությունում 2011թ. օգոստոսին:Ակտվիստների փաստաբանները նույնպես բողոք էին ներկայացրել փաստելով, որ ոստիկանությունն արգելել է տեսակցել իրենց պաշտպանյալներին, մերժել է նրանց պահանջը ակտիվիստներին բժշկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ, յոթ ժամ շարունակ ձերբակալված է պահել փաստաբաններին, որի ընթացքում փաստաբանն ականատես է եղել, թե ինչպես է ոստիկանը ծեծում ակտիվիստներից Արտակ Կարապետյանին: Ակտիվիստները դատարանում վկայել են քննության ընթացքում տեղի ունեցած բռնության մասին, սակայն Երևանի դատարանն այդ առիթով չի պահանջել գործի հարուցում:

Բանակում չարաշահումների մասին խոսելով՝ իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ տեղական իրավապաշտպան խմբերը հայտնում են սեպտեմբեր ամսվա դրությամբ թվով 44 ոչ մարտական մահացության դեպքերի մասին:

«Ըստ «Ֆորում 18» միջազգային կրոնական ազատության հասարակական կազմակերպության, սեպտեմբերի 20-ի դրությամբ, ռազմական և այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու պատճառով, առկա էր խղճի և դավանանքի նկատառումներով 32 բանտարկյալ`ովքեր համարել են, որ այլընտրանքային ծառայությունը ռազմականից անկախ չէ: Ծառայությունից հրաժարվելու համար դատարանները 2012թ. դատապարտել են ևս 16 Եհովայի վկաների: Դատավճիռներն ուժի մեջ չեն մտել: 2011թ. Իշխանությունները փոփոխություններ են առաջարկել այլընտրանքային ծառայության օրենքում:

Այդուհանդերձ, ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) քննադատել են փոփոխությունները, քանի որ դրանք այլընտրանքային ծառայությունն իրապես անկախ չեն դարձնում ռազմականից և որ այն 12-18 ամսով ավելի երկար է, քան զինվորական ծառայությունը: Հայաստանի վերաբերյալ իր հուլիսյան ակնարկում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն (HRC)  կոչ է արել կառավարությանն ապահովել իրական այլընտրանք զինվորական ծառայությանը, և ազատ արձակել նրանց, ովքեր ազատազրկվել են զինվորական ծառայությունից կամ գոյություն ունեցող այլընտրանքայինից հրաժարվելու համար», – նշում են զեկույցի հեղինակները:

Նրանք ընդգծում են, որ ԵԽԽՎ-ի Եվրոպայում լրատվամիջոցների ազատության վերաբերյալ 2012թ.զեկույցը նշում է, որ հայ լրագրողների արտահայտման կարողությունները խոչընդոտվում են ինքնագրաքննության ճնշումներից և մտահոգություն է հայտնում հեռուստաընկերությունների կողմից լրատվական թողարկումներում քաղաքական գովազդի նյութերի օգտագործման կապակցությամբ:

Զեկույցի հեիղնակները մեջբերում են հատված 2012 թվականի հուլիսին Հայաստանի «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի (ՓԻՆՔ Արմենիա) կողմից հրապարակված տվյալների, համաձայն որի լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիք ենթարկվում են աշխատանքային խտրականության, խոչընդոտվում է առողջապահական համակարգից նրանց օգտվելու հնարավարությունը, ենթարկվում են ֆիզիկական և հոգեբանական բռնությունների բանակում, ընտանիքներում և հանրության մեջ:

Human Rights Watch-ը հիշեցնում է նաև մայիսի 8-ին DIY ակումբի վրա տեղի ունեցած հարձակման մասին, որտեղ հաճախ էին լինում ԼԳԲՏ և կանանց իրավունքների ակտիվիստներ:

«Մայիսի 21-ին Երևանում մի խումբ մարդիկ սպառնացել են բռնություն կիրառել և հոմոֆոբ կարգախոսներով բղավել են ՓԻՆՔ Արմենիայի և Հայաստանի Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից կազմակերպված բազմազանության տոնի երթի մասնակիցների նկատմամբ», – ասված է զեկույցում:

Մարդու իրավունքների պաշտպաններին վերաբերող հատվածում զեկույցւ հեղինակները հիշեցնում են, որ 2012 թվականի ապրիլին մոտ 200 մարդ է հավաքվել իրավապաշտպան հասարակական կազմակերպության` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի դիմաց, ովքեր ձվեր և քարեր նետելով` կոտրել են պատուհանները և սպառնացել  էին աշխատակիցներին նոր բռնություններով, եթե, ըստ նախատեսված պլանի, ցուցադրվեին ադրբեջանցի կինոգործիչների կողմից նկարահանված ֆիլմերը: Խումբը ցրվել է այն բանից հետո, երբ ՀՔԱ առաջնորդները համաձայնել են չեղյալ հայտարարել ֆիլմերի ցուցադրությունը: Ամբոխի հավաքվելուն պես ՀՔԱ աշխատակազմը դիմել է ոստիկանությանը, ովքեր սակայն չեն միջամտել: