Անշարժ գույքի ռիելթորներն այսօր Ֆինանսների նախարարության մուտքի մոտ էին հավաքվել կրկին ոչ թե բողոքելու, այլ Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին հանդիպելու նպատակով: Ինչպես օրեր առաջ, այսօր ևս հավաքվածներից ոմանք լրագրողներին հավաստիացնում էին, որ իրենք ոչ մի դժգոհություն չունեն կառավարությունից. պարզապես ուզում են պատկան մարմիններից ստանալ իրենց որոշ հարցերի պատասխանները՝ կապված նոր արտոնագրային վճարների հետ, այն է՝ հունվարի 1-ից պետք է ամսական 60 հազ. դրամ վճարեն յուրաքանչյուր աշխատողի համար (մարզերում՝ 10-50 հազ. դրամ):
«Ուզում ենք պարզաբանեն, թե ինչից են վերցրել թվերը ու ինչու բոլոր աշխատողների համար, ոչ միայն ռիելթորների, ու հուսով եմ, որ բոլոր հարցերի պատասխանները այսօր կստանանք», – ասել է «Արգո-Ռիելթի» գործակալության տնօրեն Արայիկ Կոջաբաշյանը:
Հավաքի մասնակիցներից մի քանիսն էլ Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում պնդել են, որ սա իրենց հարցն է ու իրենք չեն ուզում քաղաքականացնել, և նույնը խորհուրդ են տվել բոլոր լրագրողներին:
«Սա ոչ թե բողոք է, քանի որ առաջիկայում նախագահի ընտրություններ են, դրա համար չենք ուզում քաղաքականացվի մեր հարցը ու ինչ-որ մի մարմին որոշի, որ էս հանրահավաքը իր կողմից է: Հենց դրա համար ենք ասում՝ չքաղաքականացնենք, թե չէ ուրիշ ոչ մի բան չկա. մեր հարցը տնտեսական հարց է: Մեզ թվում է՝ ովքեր առաջարկել են օրենքի փոփոխությունները, առանց հաշվարկելու, ուղղակի մտածել են, որ մի թիվ դնեն՝ կարող է վճարեն», – ասել է «Նռան» անշարժ գույգի գործակալության տնօրեն Հրաչյա Բուդաղյանը:
Ակցիայի մասնակիցներից շատերն էլ հակառակ կարծիք են հայտնել՝ նրանք վստահեցրել են, որ ցրտին ուղղակի հավաքվելու ու զրուցելու առիթ չեն տեսում:
«Ի՞նչ է նշանակում՝ «չենք բողոքում», այսինքն՝ եկել ենք ուղղակի, հավեսի համա՞ր: Բողոքում ենք, բա ի՞նչ ենք անում: Նման քայլերով գնում ենք գործազրկության շատացմանը, եթե մինչ այժմ շուկան պահում էին գործակալները, հիմա էնպես կստացվի, որ էդ բարիերը դուրս կգա, դրա հետևանքով էլ գնային քաոս կսկսվի. ոչ մեկը չի իր գույքի իրական արժեքը, արդյունքում կշատանա ստվերը», – մեր թղթակցին ասել է գործակալություններից մեկի տնօրենը, ով խնդրել է չհրապարակել իր անունը:
«Նռան» անշարժ գույքի գործակալության աշխատակցուհին, ով օրեր առաջ ազատվել է աշխատանքից, զայրացած բողոքել է, որ մնացած հայերի պես բռնելու է «դրսի» ճանապարհը:
«Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, շուրջ երկու տարի ադմինիստրատոր եմ աշխատել, բայց քանի օր է՝ համալրել եմ գործազուրկների շարքերը: Եթե մի գրչի հարվածով պետությունը կարող է բազմաթիվ մարդկանց թողնել առանց գործ, ուրեմն ի՞նչ անեմ էս պետությունում, ասեք՝ ի՞նչ անեմ էս տարիքում, ասեք՝ անեմ: Ոնց որ միլիոն ու կես հայերը՝ ես էլ կբռնեմ արտագաղթի ճանապարհը»,- լրագրողներին հարցրել է 35-ամյա Աննա Անանյանը, ապա ավելացրել՝ «գնամ, ինչ-որ մի սուպերմարկետում 24-ժամյա աշխատանք անե՞մ, որը չնչին գումարով է վարձատրվում»:
Բողոքողներից մի քանիսն էլ կատակել են, որ մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է, թե ռիելթորները միլիոնատերներ են, ու կառավարությունը նոր օրենքի ընդունումով որոշել է հենց իրենց «կաշին քերթել»:
«Նայեք շուրջներդ ու տեսեք՝ ինչքան միլիոնատեր կա շուրջբոլորը, այ էդքան լավ երկրում ենք ապրում», -նշել է նրանցից մեկը:
Ավելի ուշ ռիելթորներ Արայիկ Կոջաբաշյանը և Հրաչյա Բուդաղյանը հանդիպել են Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին ու պայմանավորվել՝ «ամենասեղմ ժամկետներում ներկայացնել թվեր ու փաստեր, ինչից հետո միայն հարցը կդրվի քննարկման:
«Միտքը կայանում է նրանում, որ չտուժի ոչ պետությունը, ոչ էլ ռիելթորը: Կարայանն ասաց՝ եթե հիմնավորեք, միգուցե, օրենքը վերանայենք: Հուսով եմ, որ իրենք իրենց խոսքի տերը կլինեն՝ փոխնախարարի մակարդակով խոսք են տվել: Մնում է, որ մենք շուտ բերենք մեր փաստերը, որ դա բավական մեծ գումար ա. անլուրջ ա՝ մենք չենք կարա վճարենք ու բոլորը կգտնեն տարբերակներ՝ դա չվճարելու համար: Իսկ եթե նորմալ թիվ ընդունվի, աշխատողները տարանջատվեն, հաստատ համ պետությունը կօգտվի, համ էլ մենք կաշխատենք: Ասում են՝ տարին 12 գործարք տվեք պետությանը, բայց տարին տասներկու գործարք մենք չենք անում՝ 12 աշխատողից 4-ն են ռիելթոր: Մենք նաև ասացինք, որ մի մարդը 3-4 ամիս բնակարան է նայում, մինչև ընտրություն է անում, կոշիկ չի առնում, որ էսօր հավանի, վաղը գնա առնելու», – եզրափակել է Կոջաբաշյանը: