ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում մեկնաբանել ընթացող նախագահական ընտրարշավը: «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրողի խնդրանքին գնահատական տալ քարոզարշավի ընթացքին՝ Տեր-Պետրոսյանը պատասխանել է հետևյալ կերպ.
«Կարծում եմ, ինձ հետ կհամաձայնեք, որ ՀՀ նախագահի հիմնական թեկնածուներից մեկը համարվողիս չառաջադրվելու պարագայում անլրջություն կլինի ընտրարաշվի գնահատումը, և բնականաբար, ես ինձ այդպիսի թեթևություն չեմ կարող թույլ տալ»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքն էլ է համաձայն, որ ընտրությունների ելքն արդեն կանխորոշված է՝ Տեր-Պետրոսյանը նշել է, որ «այդ կանխորոշվածությունն է Հայաստանի ամենամեծ դժբախտությունը, որովհետև դրա մղձավանջային հետևանքն ինձ համար ակնհայտ է»:
«Եթե Սերժ Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել է տարեկան 50 հազար մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100 հազար: Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի և պետականության կորստյան վտանգի առջև: Բնակչության թվի շեշտակի նվազման հետևանքով տաս-քսան տարի հետո մեր երկիրը կորցնելու է իր պաշտպանունակությունը և կրկին հայտնվելու է 1920 թվականի երկընտրանքի առջև, այսինքն՝ վերջնական բնաջնջումից խուսափելու և ազգի գոյությունը մի կերպ ապահովելու համար, սեփական իշխանությունների ձեռքով ինքնակամ հրաժարվելու է անկախությունից և, որպես դաշնության սուբյեկտ կամ ասոցացված անդամ, ուղղակի մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ: Այնպես որ, եթե վերադառնանք Ձեր նախորդ հարցին, ապա ներկայիս նախագահական ընտրարշավն ինձ ավելի շատ ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանք, քան որևէ այլ բան է հիշեցնում», – ասել է ՀՀ առաջին նախագահը:
«ՉԻ»-ի լրագրողը հետաքրքրվել է ՀԱԿ առաջնորդից՝ արդյոք Հայաստանի՝ Ռուսատսանի կազմում ընդգրկվելու հեռանկարը չի մտահոգում աշխարհի գերտերություններին:
«Եթե ոչ Մերձավոր Արևելքի, ապա հաստատապես Այսրկովկասի վերաբերյալ Արևմուտքը հստակ ռազմավարություն չունի և առայժմ առաջնորդվում է «Հըլը մի ոտի տեղ անենք, հետո բալքիմ մի բան կստացվի» սկզբունքով: Այդ միայն մեզ է թվում, թե Այսրկովկասը կարևոր ռազմավարական տարածաշրջան է, և Արևմուտքն այստեղ մեծ շահագրգռություններ ունի: Եթե անգամ այն իսկապես կարևոր ռազմավարական տարածաշրջան է, ապա աշխարհում ավելի քան հիսուն ռազմավարական տարածաշրջաններ կան, որոնք նրանցից ոչ պակաս կարևորություն ունեն: Այնպես որ, ռեսուրսների սղության պատճառով Արևմուտքի ձեռքն ամեն տեղ չի կարող հասնել: Պետք է վերջապես հստակ գիտակցել, որ Այսրկովկասն առայժմ ընդգրկված չէ ո՛չ Ամերիկայի, ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի առաջնահերթությունների շարքում: Ի դեպ, մասնավորապես դրանով է բացատրվում Մինսկի խմբի առաքելության անարդյունավետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը: