Կովկասը կրկին անցնում է Ռուսաստանի Դաշնության տիրապետության տակ, իսկ Եվրոպան իր համակարգային և ֆինանսական մեծ խնդիրների պատճառով հնարավարություն չունի միջամտել՝ հետևաբար կորցնելով այդ տարածաշրջանում իր քաղաքական ազդեցությունը:
Այս մասին իտալական L’Occidentale պարբերականում տպագրված «Ստալինիզմի ստվերը Կովկասում» հոդվածում գրում է Լաշա Զիլմիպիանին:
Հոդվածագիրն ընդգծում է, որ Ռուսաստանը ղեկավարում է Կովկասը՝ օգտագործելով «Բաժանիր և տիրիր» սկզբունքը: Որպես դրա վառ օրինակ Զիլմիպիանին նշում է Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված հակամարտությունը:
Կրեմլը խորամանկորեն գլխավոր խաղարարարի դերն է խաղում, բայց պաշտոնական Մոսկվան շահագրգռված է ստեղծված իրավիճակն անվերջ պահպանելու և որքան հնարավոր է երկար տարածաշրջանում ազդեցություն ունենալու մեջ:
Մոսկվան բարիդրացիական հարաբերություններ է կառուցում Երևանի հետ և երկիմաստ՝ Բաքվի: Այսպես գործելով՝ Ռուսաստանը խիստ անհրաժեշտ է դառնում երկու կողմերին, իսկ նրա քաղաքական կշիռն աճում է:
«Ակնհայտ է, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանն իրենց բախտի անկախ տնօրինողները չեն դառնա», – գրում է Զիլպիմիանին:
Նման իրավիճակ է ստեղծվել նաև Վրաստանում: 2008 թվականին, կարծես, Վրաստանը վերջնականապես դուրս էր եկել Մոսկվայի ազդեցության տիրույթից, սակայն Կրեմլն իր ճանկերն ի ցույց դրեց:
Որպեսզի չկորցնի Վրաստանի վրա ազդեցությունը, Ռուսաստանը կոպիտ ուժի դիմեց՝ օկուպացնելով Վրաստանի երկու ռուսաստանամետ անջատողական տարածաշրջանները:
Հեղինակը գրում է մի կարևոր գործոնի մասին, որն ուղղակիորեն կապված է ստալինյան ժամանակաշրջանի հետ:
«Ցավոք սրտի, դեռևս Ստալինն էր ստեղծել, իսկ որտեղ դրանք կային, ուժեղացրել գրոտեսկային «միկրոավտոնոմիաները» յուրաքանչյուր խորհրդային հանրապետության ներսում՝ հաշվարկելով, որ այդ էթնիկ փոքրամասնությունները միշտ կարելի է օգտագործել քաղաքական ձգանի ձևով: Նման փոքր «ռումբերի» ստեղծումն անկախ երկրներում հարկավոր էր, որպեսզի հնարավորություն ստեղծվի սպառնալ հանրապետությունների տարածքային ամբողջականությանը և պահպանել դրանց նկատմամբ բացարձակ վերահսկողությունը: Այն փաստը, որ էթնիկ փոքրամասնությունները որպես նվեր էին ստացել ինքնավորությունների կարգավիճակը, ընդմիշտ կապում էր նրանց Մոսկվայի հետ և ստիպում էր շնորհակալ լինել վերջինիս: Այժմ Կրեմլը կարող է մանիպուլիացիայի ենթարկել նրանց, որքան ցանկանա», – գրում է հոդվածի հեղինակը:
Փաստորեն, նշում է Զիլմիպիանին, այս պահին առկա են երկու հին «ռումբեր», որոնք պայթեցին Կրեմլի հրանագով, որպեսզի կանգնեցնեն նախկին քաղաքական «արբանյակի» փախուստը: Քանի դեռ Արևմուտքը չի կարողանալու լուծել տարածաշրջանային հակամարտությունների խնդիրը Կովկասում, Ուկրաինայում (խոսքը գնում է ռուսամետ Ղրիմի մասին) և Մոլդավիայում (ռուսամետ Մերձդնեստրը, որը ձգտում է դուրս գալ Մոլդովայի կազմից), այդ երկրներն իրենց վրա զգալու են Ռուսաստանի ճնշումը:
Խնդրի լուծմանը կարելի հասնել, եթե Արևմուտքն ու Ռուսաստանը պայմանավորվեն, որ Մոսկվան չպետք է միջամտի հարևանների ներքին գործերին, իսկ արևմտյան երկրները ռազմական չեզոքություն պահպանեն:
«Իհարկե, նման համաձայնության գալը հեշտ չէ, բայց հակարվոր է ընդունել, որ մեր դռների մոտ Ռուսաստանը քաղաքականորեն մանիպուլիացիայի է ենթարկում մի ամբողջ տարածաշրջան և դա անում է հին խորհրդային մեթոդների և 50-ականներին օգտագործվող խաղի կանոնների օգնությամբ», – եզրափակում է հոդվածագիրը: