Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, հավանաբար, չի մտի ՀԱԿ-ի մեջ, եթե այդ կառույցը վերածվի կուսակցության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը, ով նշել է, որ վերջնական որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ կայանալիք կուսակցության խորհրդի ընդլայնված նիստին: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր է:
Եղիազարյանն ընդգծել է, որ ՍԴՀԿ-ն մայր կուսակցություն է և բարոյական իրավունք չունի ձուլվել այլ կուսակցությունների հետ:
Բանախոսը նաև հավանական է համարել, որ ՍԴՀԿ-ն ՀԱԿ-ից առանձին ընդդիմադիր բևեռ կձևավորի՝ նկատելով, սակայն, որ դա դժվար կլինի անել առանց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի:
Եղիազարյանը նշել է, որ իր պայքարի շատ ընկերներ կարծիք են հայտնում, թե ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու որոշումը, ըստ էության, ՀՀՇ-ի ռեանիմացիա է, սակայն անձամբ ինքը, հարգելով Լևոն Տեր-Պետրոսյանի անձը, նման բան այս պահին ասել չի կարող:
Լրագրողների այն դիտարկմանը, թե Եղիազարյանը հակասական կարծիքներ է հայտնում՝ ընդգծելով Տեր-Պետրոսյանի դերը և միևնույն ժամանակ քննադատելով նրա՝ ՀԱԿ-ը կուսկացության վերածվելու որոշումը, բանախոսը պատասխանել է, որ ողջունում է ՀՀ առաջին նախագահին, սակայն ՀԱԿ-ից կուսակցությանը միացողներին ողջունելու միտք չունի:
Նա նշել է, որ եթե ՀԱԿ-ը չղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա այն մեծ դեր չի ունենա, «կխառնվի ավազին ու կգնա»: