Երևանի ավագանու հերթական ընտրությունը տեղի կունենա այս տարվա մայիսի 5-ին: «Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ ընտրության օրը նշանակելու մասին կառավարության որոշման համապատասխան նախագիծը ներառված է ՀՀ կառավարության առաջիկա նիստի (կկայանա հինգշաբթի) օրակարգում:
Նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Երևանի ավագանում վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2009 թվականի մայիսի 31-ին: Ավագանու կազմում էին ընտրվել երեք ուժերի՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ ներկայացուցիչներ: Հետագայում ՀԱԿ-ը հրաժարվել էր վերցնել իր մանդատները՝ անիմաստ համարելով մասնակցությունը մի կառույցի աշխատանքներին, որտեղ մեծամասնությունը ՀՀԿ-ականներն են կազմում և նրանց առաջարկած յուրաքանչյուր որոշում անցողիկ է դառնում: