ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը կարծում է, որ իր դեմ մեղադրանք կառաջադրեն և կձերբակալեն: Նման ենթադրություն նա արել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Սեդրակյանի խոսքով՝ նման ենթադրության համար հիմք է հանդիսացել այն «ֆոնը, որը իշխանական քարոզչությունը փորձում է ստեղծել իր ԶԼՄ-ներով»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարած անձինք աշխատել են Սեդրակյանի մոտ:
Նախագահի թեկնածուն այսօր կոչով դիմել է իրավապահ մարմիններին, որպեսզի վերջիններս կամ հայտարարեն, որ ինքը մեղավոր է, կամ հակառակը՝ ասեն, որ ինքը որևէ կապ չունի Հայրիկյանի վրա կրակած մարդկանց հետ, քանի որ, Սեդրակյանի խոսքով, ստեղծված ֆոնը խանգարում է իր նախընտրական քարոզարշավին:
«Մի շաբաթ է՝ թողած ամեն ինչ՝ Սամվելի և Խաչիկի (Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված Խաչատուր Պողոսյան և Սամվել Հարությունյան – Epress.am) հարցերով եմ զբաղվում», – ասել է Սեդրակյանը:
Նա հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե իբր ինքը ձերբակալվածներից մեկին նվիրել է իր «Վոլվո» մեքենան՝ վստահեցնելով, որ մեքենան ոչ թե նվիրել, այլ վաճառել է:
Ինչ վերաբերում է ձերբակալվածների՝ Սեդրակյանի մոտ աշխատելու մասին լուրերին, ապա թեկնածուն ասել է, որ վերջիններիս գումար է տվել, որպեսզի տարածեն իր տպված հարցազրուցները, սակայն բացահայտել է, որ ողջ տպաքանակը իրենց տանն է:
Սեդրակյանի խոսքով՝ իրականում ձերբակալվածները շատ խոցելի և կառավարելի անձինքն են: Նա դժվարացել է ասել՝ արդյոք իրենք կրակել են Հայրիկյանի վրա, թե ոչ, բայց փաստել, որ իրենք հստակ օգտագործվում են իր դեմ:
Թեկնածուն հիշեցրել է, որ իր դեմ արշավը սկվել է դեռ հունիսից, երբ ինքը հայտարարել էր իր առաջադրման մասին: Դրանից հետո, Սեդրակյանի խոսքով, իր անունը կապում են տարբեր հանցագործությունների հետ, այդ թվում՝ Նաիրի Հունանյանի խմբի հետ, Տիգրան Նաղդալյանի սպանության, ինչպես նաև մեղադրել են ռուսական կամ իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:
«Լրագրողները կարող են հարցնել, թե ես կապ ունե՞մ Մարտի 1-ի սպանությունների հետ, և կպարզվի, որ, իրոք, կապ ունեմ», – ասել է Սեդրակյանը: