Մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ ԲՀԿ կուսակցությունը դեռևս որոշում չի կայացրել: Այդ մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
«Ժառանգություն» կուսակցության Կենտրոնական շտաբի համակարգող Լուսինե Պետրոսյանը տեղեկացրել է, որ իրենք ավագանու ընտրություններին մասնակցելու են:
Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը տեղեկացրել է, որ
առայժմ չի կարող պատասխանել այդ հարցին: «Կապրենք կտեսնենք, դեռևս դրա ժամանակը չէ»,- ասել է Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ Երևանու ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին:
Նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2009 թվականի մայիսի 31-ին: Ավագանու կազմում էին ընտրվել երեք ուժերի՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ ներկայացուցիչներ:
Հետագայում ՀԱԿ-ը հրաժարվել էր վերցնել իր մանդատները՝ անիմաստ համարելով մասնակցությունը մի կառույցի աշխատանքներին, որտեղ մեծամասնությունը ՀՀԿ-ականներն են կազմում և նրանց առաջարկած յուրաքանչյուր որոշում անցողիկ է դառնում: