Նախընտրական քարոզարշավի արդյունքնում Սերժ Սարգսյանին թուլացրեցին, այսինքն՝ արեցին այն, ինչ նա փորձում էր անել մյուս բոլորի հետ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ վերլուծելով նախընտրական քարոզարշավը:
Ըստ Բադալյանի՝ Սերժ Սարգսյանը կլինի քաղաքականապես բավական թույլ նախագահ, քանի որ նա ընտրվելու է ֆարսի արդյուքնում: Այս իրավիճակը, ըստ փորձագետի, ապահովվել է երեք գործոններով. առաջինը՝ որակյալ մրցակցության բացակայությունը է, որը պարզ է դարձել դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, երբ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը հրաժարվել են մասնակցել ընտրություններին: Երկրորդը՝ ընտրությունների բնականոն ընթացքի շեղումն է, մասնավորապես, թեկնածուներից մեկի դեմ կատարված մահափորձը, որն անպայման տեղ է գտնելու նաև դիտորդների զեկույցներում:
«Երրորդ քայլն այն է, որ պետք էր ամեն ինչ անել ընտությանն անլրջություն հաղորդելու համար: Այդ հարցում օգնեցին իրենք՝ թեկնածուները: Քանի որ, եթե գիտես, ով է հաղթելու քվեարկության արդյունքում, և մասնակցում ես, ապա անլուրջ իրավիճակում ես հայտնվում: Մի թեկնածու հացադուլ է անում, մեկը՝ ՍԴ դիմում, հետո հետ վերցնում դիմումը, երրորդը՝ բարևում է բոլորին, մյուսը՝ չեբուրաշկաներով և խիարներով սկսում, հետո էլ ասում, թե ինչքան ուզի կխփի», – ասել է Բադալյանը:
Այն հարցին, թե ում է ձեռնտու նման անլուրջ քվերակությունը, Բադալյանը պատասխանել է, թե բոլոր այն ուժերին, ովքեր մտածում են փետրվարի 18-ից հետո իրենց անելիքների մասին:
«Ոչ լեգիտիմ նախագահը ձեռնտու է ոչ միայն նրանց, ովքեր փորձելու են ընդդիմություն ձևավորել, այլև ՀՀԿ-ի անդամներին, իհարկե, նրանք այդ մասին չեն ասի հիմա: Ձեռնտու է, քանի որ ՀՀԿ-ում ժառանգորդի հարց է լինելու»,- ասել է Բադալյանը՝ հավելելով, որ Հայաստանի թույլ նախագահ լինելը ձեռնտու է նաև աշխարհաքաղաքական կենտրոններին:
Քաղտեխնոլոգն ասել է, որ թեև իրադարձությունները զարգանում են իշխանությունների գծած սցենարով, սակայն դրանով ոչ մեկին հնարավոր չի լինի խաբել՝ ոչ գիտակից քաղաքացիներին, ոչ առավելևս՝ միջազգային հանրությանը: