Չնայած փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի հաղթանակը կանխորոշված է, ընտրություններն, այնուամենայնիվ, անիմաստ չեն: Այս մասին CNN-ի համար գրված հոդվածում նշում է Աննա Բորշեվսկայան, ով Դինու Պատրիսիուի Եվրասիական կենտրոնի տնօրենի օգնականն է:
Հոդվածագիրը նշում է, որ կարևոր է ինչպես քվերակության անցկացման ձևը, այնպես էլ քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանի կատարելիք ընտրությունը:
«Եթե միջազգային հանրությունն ընտրությունները դրական գնահատի, ապա դա կբարձրացնի Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Նա հնարավորություն կունենա իրականացնել այդքան անհրաժեշտ բարեփոխումները, որպեսզի ավելի մոտենա Արևմուտքին, բայց հնարավոր է, որ նա կխուսափի կոշտ բարեփոխումներից և առանց այդ էլ Ռուսատսանին համակրող Հայաստանն ավելի մոտեցնի Մոսկվային», – գրում է Բորշեվսկայան:
Նա նշում է, որ 5 տարի առաջ նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանը լեգիտիմության ճգնաժամի առաջ հայտնվեց:
«Կարծիք կա, որ նա օգտագործեց վարչապետի իր պաշտոնը և նախկին կապերը որպես Անվտանգության խորհրդի քարտուղար և Պաշտպանության նախարար, որպեսզի կեղծի նախագահական ընտրությունները, որտեղ իր մրցակիցը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Առնվազն 10 մարդ զոհվեց հետընտրական բողոքի ցույցերի ժամանակ:
Այս անգամ Սերժ Սարգսյանը բավական քիչ դիմադրության է հանդիպելու այն պարագայում, երբ Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ, իսկ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների բացակայությունը ընդդիմությանը մասնատված և անզոր են դարձրել: Նրա երկու հիմնական մրցակիցները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և հարուստ գործարար Գագիկ Ծառուկյանը, որոշել են չմասնակցել ընտրություններին», – նշում է հոդվածագիրը:
Նա, այնուամենայնիվ, ընդգծում է, որ Սերժ Սարգսյանի հեշտ ընտրվելը Հայաստանին արջի ծառայություն է մատուցում: Բորշեվսկայան համեմատականներ է տանում Վրաստանում ստեղծված իրավիճակի և այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, ով գովեստի է արժանացել միջազգային կառույցների կողմից, ու նշում, որ Հայաստանը նման գովեստի չի արժանանա, մասնավորապես, այն բանի համար, որ երկրի կառավարությունը մնում է ոչ էֆեկտիվ և կոռումպացված:
«Այն պարագայում, երբ Ադրբեջանն ու Վրաստանը ողջունում են արտասահմանցի ներդրողներին, Հայաստանում կազմակերպված հանցավոր խմբերը ամեն ինչ անում են նրանց երկրից հեռու պահելու համար: Հայկական Սփյուռքը, որը ցավում է Հայաստանի համար, արդեն վաղուց եզրակացրել է, որ հայրենիքում ներդրումներ անելը անշնորհակալ գործ է, և դա օգուտ չի բերի ոչ իրենց, ոչ էլ Հայաստանին: Հազարավոր հայաստանցիներ լքում են երկիրը: Ավելի երիտասարդ, ավելի կիրթ հայերը գնում են դեպի Արևմուտք, ավելի տարեց քաղաքացիները տեղափոխվում են Ռուսաստան: Վերջինս հաճույքով ընդունում է նրանց: Մինչ Ռուսաստանը միգրանտների միջոցով լուծում է իր դեմոգրաֆիական խնդիրները, նույն խնդիրները ծառանում են Հայաստանի առջև», – նշում է Բորշեվսկայան:
Հոդվածի եզրափակիչ հատվածում նա ընդգծում է, որ 1992 թվականից ի վեր ԱՄՆ-ն արդեն մոտ 2 միլիարդ դոլար զարգացման համար նախատեսված և մարդասիրական օգնություն է տրամադրել, ինչը մեկ մարդու շնչով ամենամեծն է նախկին Խորհրդային Միության պետությունների շարքում:
2011 թվականից այդ օգնությունը նվազել է, քանի որ փակվել է «Հազարամյակի մարտահրավերներ ծրագիրը», այնուամենայնիվ, Եվրոպական Միությունը փոխհատուցել է այն՝ օգնության մեծ փաթեթ տրամադրելով և այժմ բանակցում է ազատ առևտրի գոտու հնարավորության շուրջ:
«Այժմ Հայաստանը պետք է որոշի, որ ուղով է ընթանալու. արդյո՞ք կմիանա Արևմուտքին, այն է՝ ժողովրդավարական հանրությանը և լիբերալ տնտեսություններին, թե Սարգսյանը կտանի Հայաստանը դեպի Կրեմլի կողմից առաջնորդվող նախկին խորհրդային միության ավտոկրատիկ պետություններ», – եզրափակում է հոդվածագիրը: