2013թ. փետրվարի 18-ին` ժամը 17:45-ի սահմաններում Գյումրու թիվ 34/36 ընտրատեղամասում ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի (Ժառանգություն) և Սուքիաս Ավետիսյանի (ՀՀԿ) մասնակցությամբ արձանագրված միջադեպի քննությունը կիրականացնի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը:
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում ենք, որ միջադեպի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել նաև թիվ 34/36 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր»,- նշված է հայտարարության մեջ։
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, պահանջվել են ոստիկանությունում նախապատրաստված նյութերը և կուղարկվեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Հիշեցնենք, որ երեկ Ռուբեն Հակոբյանը առավոտից եղել է Գյումրիի 34/36 տեղամասում և, խախտումներ նկատելով, սկսել է բարձրաձայնել այդ մասին:
Տեղամասում է եղել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որը վիճաբանության է բռնվել Հակոբյանի հետ:
Ռուբեն Հակոբյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն:
YouTube կայքում օգտատեր Emma Baghdasaryan-ը տեղադրել է Ռուբեն Հակոբյանի մասնակցությամբ միջադեպից մի հատված: