Հայաստանի Հանրապետության փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ լավ կազմակերպված են եղել և բնութագրվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ։ Այս մասին ասված է այսօր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԽԽՎ-ի և ԵԽ-ի դիտորդական խմբերի «Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ» համատեղ հայտարարության մեջ:
Համաձայն հայտարարության հեղինակների, մրցակիցները կարողացել են իրականացնել ազատ քարոզչություն, իսկ ԶԼՄ-ները կատարել են իրենց իրավական պարտավորությունը տրամադրել հավասարակշիռ լուսաբանում:
«Միաժամանակ, հանրային կառավարման անաչառության պակասը, վարչական միջոցների չարաշահումը և ընտրողների վրա կիրարվող ճնշումը մտահոգության առարկա են», – նշել են եվրոպական դիտորդները։
Նրանք ընդգծել են, որ ընտրությունների օրն անցել է հանգիստ և բնականոն, ոչ հարիր միջամտություններ են նկատվել ընտրական ընթացքի վրա հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից և որոշ լուրջ խախտումներ են դիտարկվել։
«Ընտրական հանձնաժողովները պրոֆեսիոնալ կերպով կազմակերպել են ընտրությունները։ ԿԸՀ-ն աշխատել է բաց և թափանցիկ։ Այն հավատարմագրել է 26 հասարակական կազմակերպություններ ներկայացնող 6,034 տեղական դիտորդներ ներառական կերպով։ Միաժամանակ, ԿԸՀ-ն չի ներկայացրել բավարար պարզաբանումներ քարոզչության ֆինանսավորման որոշ դրույթների վերաբերյալ։
Իշխանությունների կողմից ձեռնարկված բազմաբնույթ միջոցառումները նպաստել են ընտրական ցուցակների որակի բարելավման գործընթացին։ Թեպետ որոշ թեկնածուներ պնդում էին, որ ընտրական ցուցակները ուռճացված են և մտահոգություն են հայտնել երկրից դուրս գտնվող ընտրողների փոխարեն քվեարկելու հնարավոր դեպքերի մասին, այնուամենայնիվ, նրանք չեն տրամադրել որևէ ապացույց իրենց տեսակետը պաշտպանելու համար մինչև ընտրությունները», – հայտարարել են դիտորդները:
Նրանք պնդել են, որ քարոզարշավը բնութագրվել է հիմնարար ազատությունների նկատմամբ ընդհանուր հարգանքի դրսևորմամբ, և մրցակիցները կարողացել են անխոչընդոտ իրականացնել իրենց քարոզչությունը։
«Քարոզարշավը ընդհանուր առմամբ սահմանափակ էր: Այն տեղի է ունեցել երեք հիմնական քաղաքական կուսակցությունների թեկնածու չառաջադրելու և որոշ կարկառուն գործիչների չառաջադրվելու որոշման պայմաններում։ Ութ թեկնածուներից միայն գործող նախագահն է առաջադրվել խորհրդարանական կուսակցության կողմից: Քարոզարշավի ընթացքում թեկնածուներից մեկը ստացել է հրազենային վնասվածք և այդ հանցանքի հանգամանքները գտնվում են հետաքննության մեջ։ Բացառությամբ այս միջադեպի, քարոզարշավը խաղաղ է ընթացել», – կարծիք են հայտնել դիտորդները։
Նրանք նաև նշել են, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը քարոզարշավը ամենաակտիվն էր և տեսանելին:
«Վարչական ռեսուրսների չարաշահումը, այդ թվում՝ ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերը, գործող նախագահի քարոզչական միջոցառումներին պետական պաշտոնյաների մասնակցությունը, ինչպես նաև պետական և ինքնակառավարման մարմինների կողմից զբաղեցրած շենքերում նախընտրական շտաբների գտնվելու մի քանի դեպքերն աղավաղել են պետության և իշխող կուսակցության բաժանումը», – ասված է հայտարարության մեջ։
Դիտորդներն ընդգծել են, որ քարոզարշավի լուսաբանումը հիմնականում ֆորմալ բնույթ էր կրում և չուներ վերլուծական մեկնաբանություն, և թեկնածուների միջև բանավեճեր չեն կազմակերպվել։
«Քվեարկության օրը անցել է, ընդհանուր առմամբ, հանգիստ և խաղաղ: Դիտարկված 75 ընտրական տեղամասերից գերակշիռ մեծամասնությունում տեղամասի բացման ընթացակարգերը Միջազգային ընտրությունների դիտորդական առաքելության (ՄԸԴԱ) դիտորդներն ընդհանուր առմամբ գնահատել են դրական։
Չնայած քվեարկությունը եղել է պատշաճ և լավ կազմակերպված 970 դիտարկումների գերակշռող մասում, ՄԸԴԱ-ի դիտորդները բացասական են գնահատել դիտարկված բոլոր դեպքերի 5 տոկոսը, հիմնականում անտեղի միջամտելու և որոշ դեպքում լուրջ ընտրախախտումների պատճառով։ Բազմաթիվ դեպքերում, ՄԸԴԱ-ի դիտորդները դիտարկել են թե ինչպես ընտրատեղամասերից դուրս ՀՀԿ-ի կողմնակիցները ուղղորդում են ընտրողներին, ինչպես նաև գործող նախագահի անձինք միջամտում էին կամ ուղղորդում էին ՏԸՀ-ների աշխատանքը (դիտարկված տեղամասերի 7 տոկոսում), փորձում էին ազդել ընտրողների կամքի վրա (2 տոկոս) և ընտրողների վրա սպառնալիք ու ճնշում գործադրելու դեպքեր (2 և 1 տոկոս համապատասխանաբար)։ Դիտորդները նշել են ընտրակաշառքի մի քանի հնարավոր դեպքեր և երկու դեպքում էլ անմիջականորեն դիտարկել են։
ՄԸԴԱ-ի դիտորդները արձանագրել են մի շարք լուրջ խախտումներ, ներառյալ խմբակային քվեարկություն (6 տոկոս), ոչ պատշաճ կարգով կնքված ընտրատուփերի առկայություն (5 տոկոս), ցուցակներում մի շարք նույնանման ստորագրությունների առկայության (3 տոկոս) և բազմակի քվեարկության դեպքեր (2 տոկոս)։ Միջազգային դիտորդները նաև զեկուցել են ընտրատուփի լցոնման հնարավոր չորս դեպքերի մասին։ Դիտարկված ընտրատեղամասերի 6 տոկոսում, ոչ բոլոր ընտրողներն են գաղտնի նշում կատարել իրենց քվեաթերթիկների վրա, և դիտարկված 12 տոկոսում՝ նախքան ընտրախցից դուրս գալը դրանք ծրարի մեջ դրել։ Ընտրողների անձնագրերում դրվող հատուկ կնիքի թանաքը, որը բազմակի քվեարկության դեմ երաշխիք է և պետք է լիներ տեսանելի 12 ժամ, հեշտությամբ մաքրվել է, չնայած ԿԸՀ-ի նախնական փորձարկումներին։ Այցելած ընտրատեղամասերի 7 տոկոսում, մեկ կամ ավելի ընտրողներ ետ են դարձվել, քանի որ հիմնականում նրանց անունները բացակայել են ընտրական ցուցակներից։
Դիտարկված ընտրական 106 տեղամասերում, բացառությամբ 9 տեղամասի, ձայների հաշվարկման գործընթացը դրական է գնահատվել ՄԸԴԱ-ի դիտորդների կողմից։ Որոշ դիտորդներ զեկուցել են ընթացակարգային սխալների մասին, ներառյալ ընտրական ցուցակներում ընտրողների և ստորագրությունների քանակի չստուգման դեպքերի մասին (9 և 7 դեպքեր համապատասխանաբար)։ 10 հաշվարկներում ոչ բոլոր քվեաթերթիկներն էին ցույց տրվում այնպես, որպեսզի բոլոր ներկա գտնվողները կարողանան տեսնել, թե ում է տրվել քվեն: 11 դեպքերում ՏԸՀ-ները դժվարացել են արձանագրություններում լրացնել արդյունքները, իսկ 7 դեպքերում արձանագրությունները նախապես ստորագրված են եղել և 5 դեպքերում արձանագրությունների օրինակները չեն փակցվել տեղամասային կենտրոններում», – ասված է դիտորդների նախնական հայտարարության մեջ։