Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ:
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման հետ կապված որոշ հարցեր, մասնավորապես, օրենքի 13-րդ հոդվածի համաձայն հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններ ներկայացնել սահմանված ձևի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր հաշվետվության տեսակի ավելացմամբ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում ի հայտ են եկել ՀՀ ԿԱ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի և ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնայն համակարգի միջև անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներ, ՀՀ վարչապետը հանձնարարել է, որ հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածը, համակարգի տեխնիկական խնդիրների պատճառով հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ չկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Հիշեցնենք, որ «Քաղաքացի-հարկատու-Բիզնես իրավապաշտպան կազմակերպություն» ՀԿ-ն կոչ էր արել ՀՀ Կառավարությանը և ՊԵԿ-ին հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, որում կնշվեն համակարգի խափանումների փաստը և դրանց համար պատասխանատու սուբյեկտները, իսկ մինչ նշված խնդիրների լուծումը պաշտոնապես հայտարարել հաշվետվությունների ներկայացման ժամկետների երկարացման մասին, կամ դրանք թղթային եղանակով ընդունելու պատրաստակամության մասին: Պատասխանատու գերատեսչություններից նաև պահանջում են պարտադրել համակարգը ներդնող, շահագործող և սպասարկող ընկերության անձնակազմին պատասխանել հարկատուների զանգերին, իսկ էլ. հաշվետվությունների համակարգին միանալու վերաբերյալ պայմանագրերի կնքման, նույնականացման քարտերի գրանցման և նմանատիպ այլ գործառույթների իրականացման ժամկետը կրճատել (ներկայումս դա տևում է մեկ շաբաթից ավելի, երբեմն նույնիսկ շաբաթներ):