Իրեն տրված ձայների համար պայքարելու նպատակով Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է մոբիլիզացնի ուժերը, իսկ դա անելու համար նա պետք է խոսի այլ ուժերի՝ ՀԱԿ-ի , ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և մյուսների հետ, ում հետևորդները ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերլուծելով նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը՝ Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Հայկ Բալանյանը:
Նրա խոսքով՝ նման կերպ Հովհաննիսյանը կարող է հնարավորություն ստանալ գոնե ընտրյութուններից հետո, այնուամենայնիվ, դառնալ ընդդիմության միասնական թեկնածու՝ մոբիլիզացնել տարբեր քաղաքական հայացքներ ունեցող և տարբեր քաղաքական կազմակերպություններին հարող մարդկանց, ինչը ձախողվեց նախընտրական փուլում: Բալանյանը, սակայն, կարծում է, որ Հովհաննիսյանին հազիվ թե հաջողվի դա անել. իր սեփական ռեսուրսները բավարար չեն, ուստի պետք չէ սպասել ցնցումների:
«Բայց դիմել, առաջարկ անել այլ ընդդիմադիր կազմակերպություններին, միևնույն է, արժի, նույնսիկ եթե մերժում ստանա», – նշել է քաղաքագետը:
Ըստ Բալանյանի՝ ընտրությունները մեծ ոգևորություն չպետք է առաջացնեն նաև այն պատճառով, որ դրանց արդյունքները համապատասխանում են այն թվերին, որոնք կանխատեսում էին ՀՀԿ-ականները, իշխանական վերլուծաբանները: Մասնավորապես, Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը ստանալու է 60-65% ձայն, ուստի ի սկզբանե ենթադրվում էր 35-40% տրամադրել ընդդիմությանը: Բացի դրանից, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին ձայները տրվել են Սերժ Սարգսյանի դեմ, իսկ մի բան է՝ քվեարկել Սերժ Սարգսյանի դեմ, մի այլ բան է՝ պայքարել այդ դեմ ձայների համար հրապարակում, շաբաթներով մնալ այնտեղ, գնալ բախումների և այլն: Առավելևս, որ բախումների գնալ ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ չէ, ինչի մասին ինքը ժամանակին արտահայտվել է, հետևաբար՝ այս ալիքը նույնպես մարմանդ կմարի, ինչպես դա եղել է մինչ այժմ:
«Այն, որ Հովհաննիսյանը շատ ձայներ է ստացել, պայմանավորված է նրանով, որ իշխանությունները արխային էին, ինչը դառը կատակ դարձավ իրենց գլխին: Մյուս կողմից՝ ապաշնորհ են, և կարծես թե իրենց համար իդեալական պայմանները օգտագործեցին բացարձակապես անտաղանդ, քանի որ չգիտեն՝ ինչպես աշխատել մարդկանց հետ: Բացի այդ, իհարկե, Սերժ Սարգսյանի դեմ ձայները կենտրոնացան հենց Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության վրա:
Հետագայում Րաֆֆի Հովհաննիսյանը կկատարի նույն դերը, ինչը վերջին տարիներին անում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, այն է՝ զբաղեցնել ընդդիմադիր դաշտը և կանխել այլ ընդդիմության առաջացումը»,- ասել է Հայկ Բալանյանը:
Քաղաքագետը մեկ այլ՝ ԿԸՀ-ի դեմ կազմակերպված քաղաքացիական շարժման մասին հարցին ի պատասխան ասել է, որ այդ շարժումն իրական գործոն չի կարող դառնալ, եթե չստանա քաղաքական ուժերի աջակցությունը, և այս առիթն օգտագործելը քաղաքագետը ևս քիչ հավանական է համարել: