Այսօր՝ փետրվարի 21-ի առավոտյան, ժամը 08:00-ի սահմաններում Ազատության հրապարակը հանդարտ և խաղաղ տեսք ուներ:
Հրապարակի տարբեր մուտքերի մոտ կարելի էր տեսնել կայանված 3-4 ոստիկանական ավտոմեքենա, մեկ ոստիկան կանգնած էր հրապարակի կենտրոնում՝ Թումանյանի արձանի մոտ, ևս մեկը՝ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի պատի տակ:
Epress.am-ի թղթակիցը Ազատության հրապարակ է մտել Սայաթ Նովա փողոցից, և սկզբում տպավորություն է եղել, թե հրապարակը դատարկ է: Սակայն առաջանալով՝ Օպերայի շենքի մոտ նա նկատել է կանգնած մի խումբ մարդկանց, որոնցից մի քնաիսի ձեռքին Հայաստանի դրոշներ էին:
Գիշերը Ազատության հրապարակում անցկացրած ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը զրուցում էր իր մոտ 15-20 համակիրների հետ, ովքեր սեղմ օղակով շրջապատել էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին:
«Կարևորը, որ ժողովուրդը չհիասթափվի, չի կարելի ժողովրդին հիասթափեցնել», – մոտենալով խմբին՝ Epress.am-ի թղթակիցը Րաֆֆի Հովհաննիսյանի այս բառերն է լսել:
Հովհաննիսյանը նշել է, որ իրեն շատ վատ է զգացել ու անգամ մեղավոր, երբ լսել է, թե երեկ մի երիտասարդ նետվել է Կիևյան կամրջից:
«Ինչո՞ւ դա պետք է լիներ», – ասել է «Ժառանգության» առաջնորդը՝ ընդգծելով, որ իրավիճակն այնպիսին պետք է լինի, որ ոչ մեկը հիասթափվելու ու նման գործողությունների գնալու ցանկություն չունենա:
Այնուհետև Հովհաննիսյանը ցանկացել է մի փոքր շրջել հրապարակի մոտակայքում, սուրճ ըմպել, ապա վերադառնալ և շարունակել շփումը մարդկանց հետ:
«Կարող եք նաև ինձ հետ քայլել, շրջելով կշարունակենք զրույցը», – ասել է Հովհաննիսյանը, որից հետո իջել է աստիճաններից ու մոտեցել է հրապարակի կենտրոնում հերթապահություն իրականացնող ոստիկանին:
Նախագահի թեկնածուն բարևել է ոստիկանին, հարցրել է՝ ինչպես է, որտեղից է և, հաջողություն մաղթելով նրան, համակիրների ուղեկցությամբ քայլել է դեպի Ազատության հրապարակի հարավային մուտքերից մեկը:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր համակիրներին Ազատության հրապարակ է հրավիրել ժամը 13:00-ին, որպեսզի 14:00-ին դիմավորեն ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանին, ով այդ ժամին հանրահավաք է հրավիրել: Հովհաննիսյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը պետք է ընդունի ժողովրդի հաղթանակը: