Ամերիկայի Միացյալ Նահանգները շնորհավորում են Հայաստանի ժողովրդին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ, որոնք միջազգային դիտորդների կողմից որակվել են որպես հիմնականում լավ կազմակերպված և որոնք անցել են հիմնարար ազատությունների, այդ թվում՝ հավաքների և խոսքի ազատությունների նկատմամբ հարգանքի մթնոլորտում: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները համարել են, որ ԶԼՄ-ները կատարել են իրենց պարտավորությունները՝ ապահովելով թեկնածուների գործունեության հավասարակշռված լուսաբանում, և բոլոր թեկնածուներն օգտագործել են իրենց տրամադրվող ազատ եթերաժամը:
«Մենք, այնուամենայնիվ, կիսում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մտահոգությունը կապված տեղական իշխանությունների կողմնակալության և ադմինիստրատիվ ռեսուրսի սխալ կիրառման հետ, որի հետևանքով պետական գործառույթների իրականացման և իշխող կուսակցության համար ծավալված գործունեության միջև ինչպես նախընտրական շրջանում, այդպես էլ ընտրությունների օրը հստակ տարբերակում չի եղել», – նշում է ԱՄՆ Պետդեպը:
Չնայած Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունը համաձայնել է դիտորդների այն տեսակետի հետ, թե ընտրությունների օրն անցել է խաղաղ, այնուամենայնիվ, նշել է, որ ընտրությունների ընթացքում անհարկի միջամտություններ են եղել դրանց անցկացման գործընթացին հիմնականում իշխանության ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև գրանցվել են որոշ լուրջ խախտումներ,մասնավորապես, արձանագրվել են ընտրողների վրա ճնշման դեպքեր:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ուսումնասիրել դիտորդների գնահատականները հետընտրական ժամանակահատվածում: Միացյալ Նահանգները կոչ են անում իրավապահ մարմիններին քննել խախտումների դեպքերը և իրավիճակին համապատասխան քայլեր ձեռնարկել: Պետդեպը նաև կոչ է անում բոլոր կողմերին հանգիստ լինել հետընտրական ժամանակահատվածում և իրենց գործողություններում զսպավածություն դրսևորել: