Հայաստանում արձանագրվել է H1N1 վիրուսի՝ «խոզի գրիպի» հետևանքով մահվան 4 դեպք, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ թերթն արդեն գրել էր, որ խոսակցություններ են շրջանառվում երկու դեպքի մասին: Հետագայում պարզվել էր, որ այդ մարդիկ մահացել են թոքաբորբից, սակայն բժիշկ-մասնագետը թերթի հետ զրույցում չէր հերքել, որ թոքաբորբը, իր հերթին, կարող է H1N1-ի հետևանք լինել:
Իր այսօրվա համարում թերթը մանրամասներ է ներկայացրել վերոնշյալ 4 դեպքերից մեկի մասին, մասնավորապես, նշելով, որ վիրուսի զոհ է դարձել Վայքի գյուղերից մեկի բնակիչ 24-ամյա կինը, որը հղիության 7-րդ ամսում էր: Նրա հարազատներից մեկը «ՀԺ»-ին ասել է, որ կինը ունեցել է երիկամային խնդիրներ, ինչի կապակցությամբ էլ նա դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա մոտ գրիպանման երևույթներ են հայտվել, հետո բժիշկները հայտնել են, որ հիվանդի մոտ առկա է խորը թոքաբորբ: Օրեր անց նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ հենց նույն օրը արձանագրված է եղել խոզի գրիպից մահվան մեկ դեպք: Անալիզները, սակայն, ըստ բժիշկների, վկայել են, որ կնոջ մոտ թոքաբորբ է, ոչ թե գրիպ, այնուամենայնիվ, կնոջ մահվան թերթիկում նշվել է H1N1 վիրուսը:
Կնոջը թաղել են փակ դագաղում, որպեսզի հարազատները չվարակվեն:
Նշենք, որ երեկ Առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ ընդգծել էր, որ Հայաստանում գրիպի համաճարակ չկա, իսկ պաշտոնապես գրանցված երկու մահվան դեպքերը պայմանավորված են եղել բժշկական օգնության ուշ դիմելով և ուղեկցող հիվանդություններով:
«Հանրապետությունում սեզոնի ընթացքում շրջանառվում են գրիպի Ա (H1N1, H1N1պնդ, H2N3) և Բ տեսակները: Ինչ վերաբերում է գրիպի Ա H1N1պնդ ենթատեսակին՝ նախկինում խոզի գրիպին, ապա պետք է նշել, որ վերջինս, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարության, այլևս չունի 2009 թվականի պանդեմիկ ներուժը, և այն դասվում է որպես սեզոնային գրիպի ենթատեսակ: Գրիպի յուրաքանչյուր տեսակով կամ ենթատեսակով պայմանավորված հնարավոր է հիվանդության միջին և ծանր ընթացքով դեպքերի արձանագրում, ինչին կարող են նպաստել բժշկական օգնության ուշ դիմելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, ուղեկցող հիվանդությունների (հիվանդների առողջական վիճակ) առկայությունը, հիմնական (քրոնիկ) հիվանդությունների կլինիկական առանձնահատկությունները և այլն»,- ասված է հայտարարության մեջ: