«Ժառանգություն»-ը երեկ նախագահական նստավայր էր գնացել ոչ թե ժողովրդի թիվը ցույց տալու՝ ժողովրդի թիվն այդ պահին էական չէր, կամ ճնշում բանեցնելու համար, այլև Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել էր հանդիպման: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով կարծում է, որ ցանկացած պահի այդ դինամիկան աճող է:
«Ոչ միայն թվաքանակն է աճելու, այլև ներքին լարվածությունը: Ասում են՝ երեկ մի փոքր միջադեպ եղավ «Ազատության» հրապարակում, ես չեմ կարծում, որ դա միջադեպ էր, բայց ցանկացած պարագայում, հաշվի առնելով մեր քաղաքացիների մոտ որոշակի լարվածությունը, որքան էլ ինձ ցեխոտեն, քանի ես «Ազատության» հրապարակում եմ, ամեն կերպ փորձելու եմ ապահովեմ, որ այնտեղ սադրանք չլինի», – ասել է բանախոսը:
Նրա պնդմամբ՝ ինքը թույլ չի տա, որ մեր քաղաքացիների լարված իրավիճակը որևէ մեկը օգտագործի:
«Մենք մեր քաղաքացիներին հրավիրել ենք այնտեղ ու մեր ոստիկանների հետ փորձելու ենք ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը և նաև քաղաքական զարգացումների պահով ենք փորձելու ապահովել ու թույլ չենք տալու, որ որևէ մեկը շեղվի մեր պայքարի ուղուց», – նշել է Մարտիրոսյանը:
Խոսելով երեկ «Ազատության» հրապարակում երեկ կատարվածի մասին, «Ժառանգության» փոխնախագահն ասել է:
«Ես չեմ ճանաչում՝ ով է այդ երիտասարդը՝ (Կարեն Հարությունյանը – խմբ.), և քաղաքացիական նախաձեռնության անդամ լինելը չի արդարացնում, որ նա պետք է գոռալով խոսա հրապարակում, ինչ-որ աժիոտաժ ստեղծի: Իմ գործընկեր Իզաբելա Աբգարյանը ներկայացրեց, որ մեկ շաբաթ շարունակ Կարենը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ցեխ է շպրտում Րաֆֆի Հովհաննիսյանի վրա և ամենավերջում՝ երեկ, թե առաջին օրը նույն սոցցանցի փակ խմբում ասել է՝ «մենք պետք է այնպես անենք, որ մեր ուզած ուղղությամբ գնա շարժումը և ոչ թե ժողովրդի»:
Պարզ է, որ այն, ինչ տեղի է ունեցել, ուղղակի սադրանք էր, մեր երիտասարդներից մեկն էլ այլ խոսքեր էր լսել, որի մասին այս պահին չէի ուզենա խոսել, բայց ցանկացած պարագայում իր պահվածքը միանշանակ ցույց էր տալիս, որ ինքը այլ նպատակներ ուներ», – ասել է Մարտիրոսյանն ու հավելել որ ինքը ընդամենը մեկ բան է խնդրել՝ « ասել եմ, վիճաբանում եք՝ խնդիր չկա»:
Բանախոսը նաև ընդգծել է, որ ինքը հորդորել է չգոռալ ու չգրավել բոլորի ուշադրությունը:
«Ինքը ինձ պատասխանեց՝ «դու ինձ մի ասա՝ ես ինչ անեմ», – եզրափակել է Մարտիրոսյանը: