Այսօր Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ կրկին դասադուլ անող հարյուրավոր ուսանողներ են հավաքվել: Ի տարբերության երեկվա հավաքի, այսօր ակտիվիստ ուսանողները լուռ ակցիա անցկացնելու տարբերակն են ընտրել, նրանցից մի քանիսը անգամ բերանները կապել են սև ժապավեններով: ԵՀՊ-ի բակի շատրվանների մոտ կանգնած ուսանողների դիմաց՝ գլխավոր մասնաշենքի աստիճաններին, կանգնել են համալսարանի ուսխորհրդի ներկայացուցիչները, ինչպես նաև «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի անդամները, ովքեր հանդես են եկել դասադուլը և ակցիան դադարեցնելու կոչերով:
Բողոքող ուսանողները կոչերին անհաղորդ են մնացել, մոտ մեկ ժամ համալսարանի բակում անցկացնելով՝ նրանք հայտարարել են, որ գնում են Մանկավարժական համալսարան: Այդ պահին ուսխորհրդի և հկ-ի ներկայացուցիչները սկսել են ծափահարել՝ ողջունելով ակտիվիստների հեռանալը: Այդ պահին բողոքողների շարքից մի քանի աղջիկներ շրջվել են դեպի «ուսխորհրդականները» և միջնամատերն են պարզել: Նրանք հայտարարել են, որ իրենց համալսարանում նման աղջիկներ չկան, ու իրենց աղջիկները պարկեշտ են:
«Ստեղ մաքուր աղջկեք կան, էս ի՞նչ եք անում», – հնչել է նրանցից մեկի ձայնը:
Բողոքող ուսանողներն Ալեք Մանուկյան փողոցով շարժվել են դեպի Մանկավարժական համալսարան: Ճանապարհին նրանք կանգնել են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շենքի մոտ: Շենքի մուտքի մոտ բողոքողներին դիմավորել են ինստիտուտի մի քանի աշխատակիցներ և հորդորել են չխանգարել իրենց և չխառնել բուհը իրենց բողոքողներին:
Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ, ակցիայի մասնակիցներին էլ ավելի մեծ պատվիրակություն է դիմավորել՝ մի քանի տասնյակ ուսխորհրդի անդամներ, դասախոսներ, բուհի աշխատակիցներ:
Մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանն ասել է, որ հավաքվածները ցանկանում են «անախորժություններ անել և խանգարում են ուսանողների դասապրոցեսը»: Ուսխորհրդի ներկայացուցիչները նշում էին, որ ուսանողները վճարում են ուսում ստանալու համար, իսկ բողոքողները խանգարում են նրանց: Այն պահին, երբ ակցիայի մասնակիցները կանգնած էին համալսարանի մոտ, ուսանողներից շատերը պատուհաններից կախված հետևում էին կողմերի զրույցին: