Եթե դասադուլ անող ուսանողները երեք բառ ավել անգլերեն գիտեն, քան իրենց կարծիքը չկիսող ջավախահայ կամ լոռեցի ուսանողը, դա չի նշանակում, որ իրենք վերին արտի ուսանողներ են: Կամ եթե ինչ-որ դեսպանատների խոտածածկ կանաչներին ֆուրշետների են մասնակցում, դա չի նշանակում, որ իրավունք ունեն նայել հայ ուսանողին վերևից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով արդեն երեք օր շարունակվող դասադուլների մասին, նման գնահատական է հնչեցրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Մարդկային արժանապատվությունը բարձրագույն արժեք է, այս երեք օրերի ընթացքում ցավոք սրտի ականատեսը եղանք, երբ քաղաքական պայքարի շրջանակներում մի շարք քաղաքացիների կրթության իրավունքի խախտումներ էին տեղի ունենում, բուհերի ապաքաղաքականացված պահանջի և բուհերի ներքին կանոնակարգի, կարգապահական նորմերի խախտման փորձեր: Այս ամենը, ցավոք սրտի, ուղեկցվում էր վիրավորանքներով, սադրանքերով: Պետք է նաև շեշտեմ, որ որոշ լրագրողներ, կարծես, լրագրողական էթիկայի կանոններից դուրս էին գործում, ոչ միայն մատուցելով հաճախ կողմնակալ տեղեկատվություն՝ նաև երբեմն սադրանքի աղբյուր հանդիսանալով: Ցավոք սրտի, կարծես, իրադարձությունների նման ընթացքը սադրանքների, վիրավորնաքների լեզվով խոսելու մարտավարությունը բերեց հակազդեցության: Չինացիներն ասում են՝ քամի ցանողը հնձում է փոթորիկը: Ակնհայտ է, որ ուսանողների ճնշող մեծամասնությունը անկախ իրենց քաղաքական հայացքներից գերադասում են իրենց կրթության իրավունքը», – ասել է Աշոտյանը:
Նա կոչ է արել ուսանողներին «իրենց կրթության իրավունքը ոտնձգություններից պահելու պայքարի ընթացքում զերծ մնալ վիրավորանքներից, ուսանողին ոչ բնորոշ պահվածքից և ՀՀ օրենքների խախտումից»:
«Իհարկե, անհամարժեք մարդակային ուժեր են այդտեղ, բայց խնդիրը թամաշա անելու մեջ չէ, թե փոքրաթիվ և ոչ այնքան ուսանողներից բաղկացած խումբը, հակադրվում է մեծաթիվ և հիմնականում ուսանողներից բաղկացած խմբի հետ: Ես ուրախ կլինեմ, որ այն բոլոր ուսանողները, որոնք չեն միանում դասադուլին, լինեն ՀՀԿ անդամ, դա նշանակում է, որ ՀՀ 99 900 ուսանողներ ՀՀԿ-ականներ են, հրաշալի ներուժ կլիներ ՀՀԿ-ի համար: Երկրորդը՝ դա չի նշանակում, որ ուսանողը չի կարող լինել կուսակցական: Այո, բուհերը պետք է զերծ պահել քաղաքականությունից: Ակնհայտ է, որ ուսանողությունը թույլ չի տալիս, որ մի խումբ ակտիվիստներ անհասկանալի քաղաքական նպատակների համար դասադուլի փորձեր անեն, որոնց ի պաշտպանություն հանդես չի գալիս անգամ ընդդիմության այն թեկնածուն, որը պարտվել է նախագահական ընտրություններում: Նա միանշանակորեն կողմ չարտահայտվեց դասադուլին»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը և կոչ է արել արել նրանց շարունակել իրենց աշխատանքները կանխելու համար ինչպես հնարավոր սրացումները, այնպես էլ նման տեսակի ապօրինի գործողությունները»:
Epress.am-ի այն հարցին, թե ինչու են լրագրողներին արգելել մուտք գործել բուհի տարածք և անգամ նրանց հրելով դուրս հանել, նախարարն ասել է, որ բուհերի ռեժիմները սահմանում են, որ եթե լրագրողը ուզում է ներս մտնել՝ պետք է նախօրոք պայմանավորվի:
«Բուհերը Ազատության հրապարակ չեն, որ պաղպաղակ դնեն և արևածաղկի բովվածքով այնտեղ շրջես: Երբ, որ երեք օր շարունակ իրենց կարծիքը չկիսողներին անվանում են շներ, ստրուկներ, քծնողներ, չեբուրաշկաներ և այլ վիրավորական անուններ են տալիս, որևէ է մեկդ, չգիտես ինչու, չեք ուզում տեսնել: Շատ հաճախ լրագրողները տալիս են կողմնակալ և ուղղորդված տեղեկատվություն, որը գլոբալ առումով շաղկապված է այս ակցիայի պատվիրատուների հետ», – ասել է Արմեն Աշոտյանը: