Home / Հայաստան / «Տուն մաքրող», «Զոռով սեքս անող». Բեմադրություն՝ Երևանի փողոցներում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

«Տուն մաքրող», «Զոռով սեքս անող». Բեմադրություն՝ Երևանի փողոցներում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Քաղաքացիական ակտիվիստները «Մարտի 8–ն ամեն օր» բեմականացված քայլերթով շրջել են Երևանի կենտրոնում՝ շարունակելով Մարտի 8-ին նվիրված միջոցառումների շարքը, որը նպատակ ունի առիթն օգտագործել և բարձրաձայնել կանանց իրավունքների  հիմնահարցերը:

Ակտիվիստները ներկայացմամբ հանդես են եկել նախ Իսահակյանի արձանի մոտ, ապա Ազնավուրի հրապարակում և Հյուսիսային պողոտայում: Բեմադրության հերոսը մեծ ընտանիքի մայր էր, ով իր վրա կրում է իր պարտականությունների մասին հայտնող գրառումներով թղթեր՝ «երեխա բերող», «տուն մաքրող», «զոռով սեքս անող», «ամենացածր աշխատավարձով աշխատող», «Կոնֆլիկտները հարթող»:

 

Հասարակության սևազգեստ անդամների կողմից ճնշումներից հետո՝ հերոսուհին կարողանում է իր մեջ ուժ գտնել, պատռել իր վրա փակցված թղթերը և ազատագրվել: Ներկայացման հերոսուհի Միլենան Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ գիտակցում է, թե հայ կնոջ համար այնքան հեշտ չէ ազատվել ճնշումներից ու իրավունքի ոտնահարումների դեմ պայքարել իրական կյանքում, ինչպես դա արվում է թատերական խաղում, բայց, նրա խոսքով՝ պետք է ձգտել անել հնարավորը՝ հասարակության լիարժեք անդամ դառնալու համար:

Ակտիվիստներին, որոնք, թմբուկ նվագելով, երգելով, թռուցիկներ բաժանելով (դրանց վրա նշված էր այսօրվա միջոցառումների ժամանակացույցը) անցնում էին փողոցներով, միացել են նաև հեծանվորդները, ում տոնական երթը կազմակերպել էր «Հեծանիվ պլյուս» ՀԿ-ն:

Ակտիվիստները նաև «Ընտանեկան բռնության մասին» օրենքը ճանաչելու կոչով պաստառ էին պատրաստել:

«Իհարկե, օրենքի ընդունումով միայն իրավիճակը չի փոխվի, ամեն ինչ փոխկապակցված է: Կանայք տնտեսապես անկախ չեն, մենթալիտետի հարց կա: Սակայն օրենքը կօգնի իրազեկումը բարձրացնել, կօգնի, որպեսզի կանայք բռնության ենթարկվելու դեպքում դիմեն ոստիկանություն, ազատվեն նախապաշարմունքներից»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Կանանց ռեսուրսային կենտրոնի նախագահ Լառա Ահարոնյանը: