Փետրվարի 24-ից սկսած Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են անցկացնում Լոս Անջելեսում և Գլենդեյլում գտնվող Հայաստանի հյուպատոսության շենքերի մոտ: Նրանք հայտարարում են, որ փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված են, իսկ իրենք պայքարում են ի համերաշխություն Հայաստանում բողոքի ակցիաներ անցկացնողների:
Ակտիվիստները հերթական ակցիան կազմակերպում են մարտի 10-ին: Նշենք, որ նույն օրը 17:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնում նաև նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Բարև՛ Լոս Անջելես: Կոչ ենք անում Lոս Անջելեսի հայկական համայնքին այս կիրակի` 2013 թ. մարտի 10-ին, ժամը 12:00-ին հավաքվել Գլենդեյլի հինգ հայկական եկեղեցիների մոտ և շարժվել (ոտքով կամ մեքենաներով) դեպի Գլենդեյլում գտնվող ՀՀ հյուպատոսության շենք՝ 346 N Central Ave, Glendale, CA 91203, որտեղ տեղի կունենա միասնական բողոքի ակցիա՝ ի նշան Հայաստանում ընտրակեղծիքների դեմ և հանուն իշխանափոխության պայքարող ժողովրդի հետ համերաշխության: Հանրահավաքի վերջում տեղի կունենա գեղատեսիլ մի խորհրդանշական արարողություն. թռցվելու են հարյուրավոր ծիրանագույն փուչիկներ` «ԲԱՐԵՎ» գրառմամբ», – ասված է ակցիայի կազմակերպիչների հայտարարության մեջ:
Ակցիայի մասնակիցներին առաջարկվում է նաև ներբեռնել և տպել բողոքի ակցիայի համար նախատեսված պաստառները www.thetruthmustbetold.com կայքից: