Րաֆֆի Հովհաննիսյանն իր քայլով զրկել է ՀՀ իշխանություններին որևէ բան անելու հնարավորությունից: Այս մասին այսօր ժ.17.00-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ասել է հասարակական գործիչ Ռաֆայել Համբարձումյանը: Նրա խոսքով՝ իշխանությունները ունակ են միայն «խփել», սակայն դրա համար հրապարակում առիթ չի ստեղծվում, քանի որ այս շարժումն աննախադեպ է Հայաստանի համար:
Համբարձումյանը վստահ է, որ «կեղծընտիր նախագահ» Սերժ Սարգյանին մնում է մեկ բան՝ «սկսել պատերազմ թուրքերի դեմ և ասել, որ կռիվ է սկսվել, և ռազմական դրություն է»:
«Ադրբեջանի նախագահին են ուզում գցել պատերազմի մեջ: Որ կռիվ մտցնի ու, շահարկելով Արցախի հարցը, ջախջախեն այս շարժումը», – ասել է Համբարձումյանը:
Հանրահավաքին ելույթ ունեցած Արկադի Վարդանյանն էլ ասել է, որ եթե ՀՀ քաղաքացիները գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի պահվածքից կախված է Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքը, ապա ամեն մի հաջորդ հանրահավաքը պետք է տասնապատիկ մարդաշատ լինի:
Վարդանյանի խոսքով՝ հավաքվածներից ոչ մեկը չի ցանկանում նոր դիակներ տեսնել:
«Միակ դիակը, որ ցանկանում ենք տեսնել, այս վարչակարգի դիակն է», – ասել է Արկադի Վարդանյանը:
Նշենք, որ հանրահավաքի մեկնարկին «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ընթերցել է այսօր Ազատության հրապարակում մեկնարկած ստորագրահավաքի կոչը, ինչպես նաև «Ա1+»-ի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված հայտարարությունը, որով ողջունում էին վերջինիս պայքարը: