Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը գտնվում է հոգեբանորեն բարդութավորված վիճակում. դա արտահայտվում է նրա՝ լրագրողների հետ չշփվելով, հեռուստատեսությամբ չերևալով, արտասահմանյան երկարատև շրջագայությունների մեջ լինելով:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը: Ըստ քաղաքագետի՝ այդ բարդույթի դրսևորումներից է նաև այն, որ Սերժ Սարգսյանը հրաժարվում է գնալ Ազատության հրապարակ: Քաղաքագետը կարծում է, որ նման որոշման պատճառն այն է, որ ՀՀԿ առաջնորդը տեսնում է՝ իր այցը Ազատության հրապարակ ոչինչ չի տա, այցն իր հեղինակության բարձրացման վրա դրական ազդեցություն չի ունենա, լուծելու փոխարեն կխորացնի իշխող վարչախմբի և անձամբ իր խնդիրներները:
«Այդ որոշմանը իբր հիմնավորված տեսք տալու համար է, որ Սարգսյանը բերել է թվեր այն մասին, թե ընտրություններից դժգոհ մարդկանց թիվը փոքր է: Այս թվերը ընդամենը չգնալու արդարացումներ են: Տվյալ արդարացումները գրեթե հավասարազոր են նրան, որ ասվեր որպես պատճառաբանություն, թե եղանակը վատն է, անձրևոտ է և այլն: Չէ որ չի երևում որևէ այլ փողոցում, հրապարակում հավաքվող Սարգսյանի այն ընտրազանգվածը, թեկուզ մի քանի հարյուր հոգի թվաքանակով ի հայտ եկող, որոնց առկայության դեպքում հնարավոր կլիներ համեմատել ու ասել, որ ընտրություններից դժգոհ մարդկանց թիվն անհամեմատելի փոքր է գոհերի թվից», – ասել է Սարոյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացն այնպիսին է, որ ինչ էլ հիմա Սերժ Սարգսյանը հայտարարի, դա բացասական է անդրադառնալու իր հեղինակության վրա, ու հենց այդ վիճակի գիտակցումն է, որ բարդույթավորել է Սարգսյանին:
«Հանրային կարծիքի վրա ազդելու իր նախկինում գործածված մեթոդները սպառվել են: Նա լրիվ հեղինակազրկվել է, ընդ որում՝ բավական շուտ, ի տարբերություն, ասենք, Քոչարյանի», – ասել է Սարոյանը՝ հավելելով, որ այդ հեղինակազրկումը, ըստ ամենայնի, անվերադարձ է:
Քաղաքագետը նկատել է, որ Սարգսյանը, ինչպես իր համախոհները, ևս մեկ արդարացում է բերում իր հրապարակ չգնալուն. այն է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է հացադուլի և դրանով դուրս եկել քաղաքական գործընթացից:
«Սա կեղծ գիտական թեզ է, որով ուղեղները լվանալու ևս մեկ փորձ է արվում, քանի որ հացադուլը եղել և մնում է քաղաքական կարևոր գործիք: Եթե քաղաքական գործընթացից դուրս գործիք լիներ, ապա իր ու ամբողջ վարչախմբի ուշադրությունը ինչու պետք է կենտրոնացած լիներ նման անկարևոր երևույթի վրա», – ասել է Սարո Սարոյանը: