Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Հայաստանին կոչ է արել դատապարտել սիրիական Հալեպ քաղաքի մոտ մարտի 19-ին տեղի ունեցած քիմիական հարձակումը, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
Սալեհիի ուղերձը փոխանցել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին, ով նախօրեին հանդիպել էր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Իր նամակում Սալեհին դատապարտել է Հալեպի մոտ քիմիական զենքի կիրառումը՝ ընդգծելով, որ դա «անմարդկային է»: Ըստ Սալեհիի՝ հանցագործության համար ողջ պատասխանատվությունը կրում են սիրիացի գրոհայինները և նրանց արտասահմանյան հովանավորները:
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը կողմ է Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հայաստանի կառավարությանը և մարդասիրական կազմակերպություններին նա ևս կոչ է արել դատապարտել քիմիական հարձակումը: