Եթե պետք լինի, ժողովուրդը ապրիլի 9-ին ոտքով կգա Երևան՝ Ազատության հրապարակ, և հրապարակում կլինի մարդկային օվկիանոս: Այս մասին այսօր իր ծննդավայր Իջևանում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մեկնել էր մարզային հանդիպումների:
Նիկոլ Փաշինյանը իջևանցիներին ասել է, որ Մարտունիի հանդիպմանը մարդիկ մտահոգություն են հայտնել, թե Երևան գալու փող չունեն: «Այո, այս իշխանությունները ամեն ինչ արել են, որ մենք Երևան գնալու փող չունենք, որ հացի փող չունենք, որ ամեն մեկը, ով 5000 դրամ է ցույց տալիս, աստված թվա: Բայց հայ ժողովրդին փող չպետք է տալ Երևան գալու համար: Պետք լինի՝ մարդիկ ոտքով կգան»,-ասել է Փաշինյանը:
Նա վստահություն է հայտնել, որ ապրիլի 9-ին հայ ժողովուրդը դե ֆակտո կհաղթի, քանի որ փետրվարի 18-ին արդեն «ոչ» է ասել բռնապետությանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը, իր հերթին, ասել է. «Եթե շատ են ուզում մեր կյանքի գնով, բայց նախընտրաբար՝ մեր կյանքի հավատամքով պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Մենք մեր սահմանները չենք պահել, որ մեր երկրում, հայրենիքում մեզ ծաղրեն, կեղեքեն: Մենք ոչ մի զոհ չենք տալու ներսում, ոնց որ Պռոշյանում անամոթաբար տվեցինք: Ձեզ ստրուկի, հարիֆի տեղ թող չդնեն: Ինձ համար մի արեք որևէ մի բան, ձեզ համար, մեզ բոլորիս համար արեք: Եկեք, եթե չանենք, ապրլի 9-ին մեր չար բախտը կանիծենք, կասենք՝ էլի չեղավ»:
Հանրահավաքի ավարտին Հովհաննիսյանին է մոտեցել մի երիտասարդ, ով ասել է, որ, լինելով երեք տղաների հայր, չի ցանկանում, որ Հովհաննիսյանը երկիրը տանի ներքին խռովության, սեփական ժողովրդի վրա կրակոցների: Երիտասարդին պատասխանել է «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը՝ ասելով՝ «Սերժին դիմեք»: