ՀՀ ոստիկանությանը ինչ-որ բան խանգարում է բացահայտել ԲՀԿ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի ավտովթարի հանգամանքները: Այս մասին ասված է Զոհրաբյանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որում անդրադարձ է կատարվում ոստիկանության հայտարարությանը, թե դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և նախաքննությունը շարունակվում է:
«Նմանատիպ այլ դեպքերում ոստիկանության օպերատիվ աշխատանքների շնորհիվ բացահայտվում են հանցագործությունները, սակայն այս դեպքում ինչ-որ բան խանգարում է ոստիկանությանը բացահայտել ավտովթարի հանգամանքները, ինչը տեղիք է տալիս մտածելու, որ ոստիկանությանը ինչ-որ բան խանգարում է:
Զերծ մնալով արդեն ոստիկանության աշխատանքներին քաղաքական գնահատական տալուց՝ Զ. Զոհրաբյանի մամուլի ծառայությունը ոստիկանությանը խնդրում է օբյեկտիվ նախաքննություն և շուտափույթ բացահայտում», – նշված է հայտարարության մեջ:
ԲՀԿ անդամի մամուլի ծառայությունը նաև տեղեկացնում է, որ նախկին պատգամավորի առողջական վիճակը կայուն է, նա գիտակցության է եկել և այժմ գտնվում է դեղորայքային կոմայի մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ի երեկոյան Հրաչյա Քոչար փողոցում տեղի ունեցած ավտովթարում Զոհրաբ Զոհրաբյանը գլխի ծանր վնասվածք էր ստացել: Նրան անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոց:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ավտովթարի օրը դեպքի վայր ժամանած ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Զոհրաբյանի Cherry մակնիշի մեքենան, որը վարում էր նրա վարորդը՝ 42-ամյա Արմեն Դոյդոյանը, բախվել է Opel Vectra մակնիշի մեքենայի հետ, որի վարորդն է եղել Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ 23-ամյա Գևորգ Դավթյանը: Վոլորը հիվանդանոց էին տեղափոխվել:
Շամշյանը զրուցել էր դեպքի ականատեսների հետ, ովքեր պատմել էին, որ Opel-ի վարորդը բարձրանալիս է եղել Քոչարի փողոցով, երբ Cherry-ին դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել Opel-ին, իսկ հիվանդանոցում ինչ-որ անձինք ոստիկանությանը հայտնել են, որ Cherry-ի վարորդին մեկ այլ ավտոմեքենա հետապնդելիս է եղել, ու անգամ հարվածել են հետապնդվող ավտոմեքենային: