Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածքում գտնվող հայաստանյան Human Rights House կազմակերպությունն օգտագործում է միջազգային հայտնի Human Rights House կազմակերպության անունը, տարբերանշանը, ինչը դա կարող է դիտվել որպես ինտելեկտուալ սեփականության իրավունքի խախտում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նա խնդրել է տվյալ հարցով պարզաբանում տալ ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանող Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդեասյանին:
«Եթե սա օրենքի տառի խախտում չէ, ապա էթիկայի նորմի խախտվում է: Սա շատ կարևոր է, քանի որ առիթ է տվել մտահոգություն, որ ՀՀ իշխանությունները օգտագործում են այդ կառույցի անունը՝ խոչընտոտելու իրական Human Rights House մուտքը Հայաստան», – ասել է Արզումանյանը՝ հավելելով, որ բազում նման մտահոգությամբ նամակներ է ստացել: Արզումանյանն առաջարկել է, որ ՀԿ-ն օգտագործի միայն հայերեն անվանումը և նոր տարբերանշան ստեղծի:
Կարեն Անրդեասյանն ասել է, որ առաջին անգամ չէ խնդիրը բարձրաձայնվում, և իրենք բանակցություններ են տարել հայկական ՀԿ-ի հետ: Պարզվել է, որ այն ունի դրամաշնորհ գործելու մինչև սույն թվականի մայիս ամիսը:
«Մայիսին կարող ենք ասել, որ նրանք դուրս գան մեր տարածքից՝ նկուղից: Միևնույն ժամանակ ցավով հրաժեշտ կտամ նրանց, քանի որ նրանց ծառայությունն անող այլևս չի լինի: Ես կարող եմ միայն հորդորել փոխել անունը, դա չանելու դեպքում, կարող եմ խնդրել, որպեսզի հեռանան», – ասել է Կարեն Անդրեասյանը: Նա նշել է, որ հայաստանյան կազմակերպությունը զբաղվում է հիվանդ երեխաների աջակցությամբ: