Արեգակի վրա տեղի ունեցող բռնկումների ազդեցությունը Երկիր մոլորակի վրա սկսվում է բռնկումից մի քանի օր անց: Մի քանի օր հետո ստանալու ենք լիցքավորված մասիկների՝ պրոտոնների այն հոսքը, որը դուրս է շպրտվել Արեգակից, ինչի հետևանքով էլ երկրագնդի շրջակայքում կարող են մագնիսական փոթորիկներ ու խանգարումներ առաջանալ: Այս մասին Epress.am-ի հետ զրուցում ասել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը՝ պարզաբանելով երեկ՝ Արեգակի վրա տեղի ունեցած բռնկումները:
«Այդ իսկ պատճառով է, որ ասում են, թե բռնկումները կարող են տևել մի քանի օր, այնինչ իրականում խոսքը ազդեցությունների մասին է, ինչը սովորաբար սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողների ինքնազգացողության սրման, ինչպես նաև դեպրեսիաների պատճառ է դառնում», – նշել է մասնագետը՝ հիշեցնելով, որ Արեգակի բռնկումներից հսկայական էներգիա է անջատվում՝ լույս, ռենտգեն, ռադիոալիքներ և այլն:
Հարությունյանը նշել է, որ արտանետված լիցքավորված մասնիկները շատ արագ են շարժվում և, հսկայական հեռավորություններ հասնելով, տարածվում են միջմոլորոկային տարածության մեջ:
«Լիցքավորված մասնիկի շարժումը կոչվում է էլեկտրական հոսանք, ճիշտ է, դա այն չէ, ինչը մենք օգտագործում ենք կենցաղում՝ 220 վոլտը, բայց դա նույնպես լիցքավորված մասնիկների հոսք է, որը մագնիսական դաշտ է առաջացնում ու, Երկրի մագնիսական դաշտի հետ փոխազդելով,առաջացնում խոտորումներ: Այս փոփոխություններն են, որոնք ազդում են մարդկանց, ինչպես նաև էլեկտրական սարքերի վրա», – ասել է Հարությունյանը:
Վերջինս նաև բացատրել է Արեգակի բռնկումների ու դրանց հետևանքների մասին՝ ընդգծելով, որ լուսատուի բռնկումները սովորաբար լինում են արևաբծերի տիրույթում. տվյալ դեպքում խոսքը ռենտգենյան բռնկումների մասին է:
«Արեգակի՝ դեպի մեզ նայող մակերեսին գոյություն ունեն մի քանի արևաբծեր, և մենք զգում ենք Արևի այն բռնկումները, երբ որ արևաբիծը ուղղված է լինում դեպի Երկիր:
Մի քանի օր պրոցեսն ընթանում է, իսկ բռնկումը մենք տեսնում ենք անմիջապես՝ ավելի ճիշտ բռնկումից մոտավորապես 8 րոպե անց, քանի որ այդքան ժամանակում է Արեգակի լույսը հասնում մեզ, բայց մասնիկների արագությունը՝ ի տարբերությյուն լույսի, շատ ավելի փոքր է՝ տվյալ դեպքում մոտավորապես 300 կմ/վրկ. արագությամբ են շարժվում: Դա այն դեպքում, երբ լույսը շարժվում է 300 հազար կմ/վրկ արագությամբ: Եթե լույսը հասնում է 8 րոպեում, ապա մասնիկները հասնում են 8000 րոպեում, ինչը հավասար է 5-5,5 օրվա. այսինքն՝ մասնինկները մեզ են հասնում բռնկումից 5 օր անց», – մանրամասնել է մեր զրուցակիցը: