Home / Հայաստան / Ակտիվիստը պահանջում է քրեական գործ հարուցել ոստիկանապետի նկատմամբ

Ակտիվիստը պահանջում է քրեական գործ հարուցել ոստիկանապետի նկատմամբ

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր հանցագործության մասին հաղորդագրություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ: Գասպարին նշում է, որ ոստիկանապետն իրեն ապօրինաբար զրկել է ազատությունից, նվաստացրել է իր պատիվն ու արժանապատվությունը, սադրիչ գործողություններով ընդհարում է հրահրել, սպանության սպառնալիք հնչեցրել, խափանել է իր խաղաղ ցույցը, խոչընդոտել խոսքի ազատությանը: Այս մասին Վարդգես Գասպարին ասել է Epress.am-ի հետ զրույցում:

«Ընդգծում եմ՝ «պետական պաշտոնատար անձ» ՀՀ ոստիկանապետը փորձել է իր կարծիքը և գաղափարներն ինձ պարտադրել, որը ոչ այլ ինչ է քան մտքի և խղճի ազատությանը բռնանալը, ինչը արգելված է Եվրոպական կոնվենցիայով, որը հանդիսանում է ՀՀ օրենսդրության անբաժան մասը», – հանցագործության մասին հաղորդման մեջ գրել է Գասպարին:

Ակտիվիստն ընդգծել է այն հարցերը, որոնց պատասխանը ակնկալում է ստանալ՝ իր խաղաղ ակցիային ոստիկանների միջամտության օրինականության մասին, մասնավորապես, արդյոք կազմվել է իրեն բերման ենթարկվելու մասին արձանագրություն: Գասպարին նշել է, որ կոնկրետ հարցերի առանձնացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ոստիկանությունը, դատախազությունը, ՀՔԾ և այլ պետական մարմինները հաճախ աշխատում են որպես միևնույն հանցավոր կառույցի ենթակառույցներ, հանցագործության մասին հաղորդումները ըստ էության չքննելով, բավարարվում են՝ նշելով, որ կատարված հանցագործության մասին տվյալներ չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ Գասպարին Facebook սոցիալական ցանցի իր էջում ներկայացրել էր միջադեպի մանրամասները: Դեպքը տեղի էր ունեցել շաբաթ օրը, երբ Գասպարին ակցիա է անցկացրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տան մոտ:

Նրա պաստառի վրա գրված է եղել հետևյալ տեքստը. «Ոստիկան՛ ստախոս, ոստիկան՛ սրիկա, 2012-ի Հոկտեմբերի 4-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը վճռեց դատապարտել Հայաստանի Հանրապետությանը՝ Աշոտ Կարապետյանի և այլ ոստիկանների միջոցով Գրիշա Վիրաբյանին անմարդկայնորեն խոշտանգելու համար»:

Ըստ Գասպարիի՝ երկու բերետավոր հրավիրել են նրան ոստիկանություն՝ Վլադիմիր Գասպարյանի մոտ:

«Գասպարյանը նախ քաղաքավարի հրավիրեց իր սենյակ «զրուցելու»: Չստանալով ինձանից ոչ մի պատասխան՝ անցավ սաստելուն, զգուշացնելուն, ապա նաև սպառնալիքներ տալուն, որ այլևս իր տան մոտ ակցիա չանեմ: Ասաց, որ ակցիա անելու դեպքում, դա կդիտարկի անձնական հարց և շատ խիստ է հակադարձելու, որ չի ներելու անձնական խնդիրը: Շարունակելով զգուշացնելը, և սպառնալիքները իմ և իմ ընտանիքի հասցեին՝ մի քանի անգամ հարցրեց, որ արդյոք ես իրեն ճիշտ եմ հասկացել, հարցրեց` պայմանավորվեցի՞նք: Դարձյալ ինձանից չստանալով ոչ մի պատասխան ավելի ու ավելի զայրացավ, սկսեց հայհոյել ամենայն կատաղությամբ, ասաց, որ ինքը 55 տարեկան է և կյանք է տվել այս երկրի համար: Դարձյալ ինձանից չստանալով ոչ մի արձագանք՝ կարգադրեց. «Էստեղից սրան տարեք»», – դեպքի մանրամասները ներկայացնելով՝ գրել է Գասպարին:

Նրա խոսքով՝ երբ ինքը խնդրել է իրեն տալ բերման ենթարկելու մասին արձանագրությունը՝ ոստիկանապետը սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ իրեն և սպառնալ՝ « քեզ կգլխատեմ», «ոսկոռներդ փոշի կանեմ» :