Թեև 2013 թվականի փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները մի փոքր ավելի լավ են անցել՝ 2008 թվականի համեմատ, երբ խայտառակ մեքենայություններ էին տեղի ունեցել, սակայն, միևնույնն է, խնդիրներ և խախտումներ եղել են: Այս մասին այսօր ԵԽԽՎ-ում հայաստանյան ընտրությունների քննարկման ժամանակ հայտարարել է Շվեդիայի ԵԽԽՎ պատվիրակության անդամ Մարիետտա դե Պուրբե-Լունդինը:
Նա նշել է, որ ԵԽԽՎ-ի զեկույցը և կազմակերպության որոշ պատվիրակների գնահատականները շատ ավելի դրական են եղել, քան հայաստանյան իրականությունն էր:
Պուրբե-Լունդինն ասել է, որ ինքը բարձրաձայնել է իր մտահոգությունները, բայց քանի որ դրանք տեղ չեն գտել զեկույցում, ինքը որոշել է ելույթ ունենալ ԵԽԽվ-ի ամբիոնից:
Շվեդիայի պատվիրակը, մասնավորապես, նշել է, որ ընտրատեղամասերում շատ բան «սևով» է արվել:
«Օրինակ, ընտրատեղամասերից մեկում մի մարդ ցուցակները վերցրեց ու հեռացավ, և մենք նրան այլևս չտեսանք: Կային մարդիկ, ովքեր ընտրողների վրա ճնշում էին գործադրում: Կար կնիքների խնդիրը: Անձնագրերի վերջին էջին դրվող կնիքները հեշտությամբ մաքրվում էին և քվեարկելու լրացուցիչ հնարավորություն էր ստեղծվում», – ասել է Պուրբե-Լունդինը:
Նա ընդգծել է, որ եթե ԵԽԽՎ-ն իրոք ցանկանում է օգնել Հայաստանի քաղաքացիներին, ապա պետք է ճիշտը խոսել:
«Հարկավոր է հարց բարձրացնել. երկրի անկախությունից անցել է 20 տարի, բայց մինչ օրս հնարավոր չէ ավելի բարձր մակարդակով անցկացնել ընտրությունները, որպեսզի հենց Հայաստանի քաղաքացիները կամ քաղաքական գործիչներն ընդունեն դրանց արդյունքները», – ասել է Պուրբե-Լունդինը:
ԵԽԽՎ-ում ելույթ ունեցած Դավիթ Հարությունյանը, իր հերթին, նշել է, որ 2013թ. ընտրությունները քայլ առաջ էին Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին: