ՀԱԿ-ի անցած ճանապարհը վառ օրինակ էր Րաֆֆի Հովհաննիսյանի համար, և նա պետք է նրանց սխալներից, բացթողումներից դասեր քաղեր, մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրեց նույն ճանապարհը, նույն ճանապարհի պարզունակ կրկնօրինակը՝ ենթարկվելով «ՀԱԿ-ի ձախողված բեկորների, մի քանի արկածախնդիրների կյանքում քննություն չբռնած, ի սկզբանե ձախողման տանող առաջարկներին»: Այս մասին այսօր Facebook-ի իր էջում գրել է Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:
«Նրա քաղաքական անփորձությունից, մարդկային ազնիվ, բայց հակասական, անհավասարակշիռ ու նաև ստեղծված իրավիճակից անակնկալի եկած ու շփոթված կարգավիճակից փորձեցին օգտվել և օգտվեցին, նրան և իր շարժումը իրենց վարկանիշը բարձրացնելուն ծառայեցրին մի քանի այլ կուսակցություններ…
Եղավ այն, ինչ պետք է լիներ, ստեղծվեց պատային իրավիճակ, որը տարավ ապրիլի 9-ի Բաղրամյան պողոտայի ոստիկանական պատին…», – գրել է Մեքոնյանը:
Մելքոնյանը համոզված է, որ այն, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանն արեց «Անի» հյուրանոցի համաժողովում, պետք է աներ ավելի վաղ` ԿՀԸ-ի պաշտոնական տվյալների հրապարակումից հետո:
«Նա պետք է դներ նոր գեղեցիկ ավանդույթի հիմնաքարը, պետք է շնորհավորեր վերընտրված ՀՀ նախագահին և հանդես գար ծրագրային ելույթով, լծվեր ընդիմադիր լուրջ քաղաքական շարժման ձեւավորմանը: Նոր քաղաքական կառույցի հիմնադրմանը` լուրջ ծրագրերով, մարզային կառույցներով, մարտավարական և հեռանկարային տեսլականով… Սակայն, ակնհայտ զգացվում էր, որ նա բացարձակ պատրաստ չէր նման զարգացումների և անակնկալի եկած, շփոթված ստեղծված իրավիճակից, կողքից հնչող ոչ իրատեսական գնահատականներից, կատարեց ոչ ադեկվատ քայլեր, թույլ տվեց սխալներ, որոնք հանգեցրին նրան, ինչին ականատես եղանք: Այս ամենը միաժամանակ բացահայտեցին Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական գործչի կերպարը, ցույց տվեցին, որ նա այն անձը, այն քաղաքական գործիչը չէ, որ պատրաստ է ու կարող է ղեկավարել նման լուրջ շարժում: Ցավոք, այդ շարժման ներուժը նույնպես ձեւավորված չէ եւ նրա կողքը չկան այնպիսի քաղաքական գործիչներ, անհատականություններ, որոնք կարող են լրացնել նրան կամ օգնել… Եվ ի՞նչ… Այն, որ սա հերթական քաղաքական թիթեռն է մեր հասարակական-քաղաքական դաշտում, հերթական շարժումը` ընդամենը…», – եզրափակել է նախկին փոխոստիկանապետը: